Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս ի՞նչ կնշանակի։ Էս կնշանակի հայոց աշխարհքում չտեսնված մի բան։ Կնշանակի էս ինտելիգենցիան ամբողջ գլխով բարձր է իր նախորդ շրջանի ինտելիգենցիայից, որի վիճաբանությանն ու գործ ածած լեզվին քաջածանոթ ենք մենք, և որ անտանելի էր ի դեմս նույնիսկ իր լավագույն ներկայացուցիչների, ուր մնաց մի Հ. Առաքելյանի, որի նմանը հինն էլ մի հատ է տվել։

Ահա էս նոր ինտելիգենցիան է խոսում մեր մատաղ սերնդի հետ, սա է առաջնորդում նրան, և սա միայն կբարոյականացնի ու կբարձրացնի, կսովորեցնի լուրջ մտածել, առողջ դատել, անկեղծ ու մարդավարի պայքարել։ Այո՛, սրանց մեջ էլ կարող են լինել տխուր բացառություններ, ինչպես հների մեջ էլ կային մխիթարական բացառություններ, բայց ընդհանուր պատկերը փոխված է միանգամայն ընդմիշտ։

Եվ սրանց լսարանից, Հայոց գրողների ընկերության գրական երեկույթների դահլիճից, չպետք է հեռացնել մեր մատաղ սերունդը, մեր աշակերտությունը, որ հասարակության հետ միասին մինչև օրս չեղած ոգևորությամբ գալիս լցվում է, և ղրանով էլ հենց էսքան գրգռում «Մշակի» անզոր թշնամությունը։

«Մեզ ոչ մի տեղից դուրս չեն անում, ոչ թատրոնից, ոչ ուրիշ դասախոսություններից, մենք էլ ոչ մի տեղ էնպես չենք գնում, ինչպես ձեր երեկույթներին, մեզնից ոմանք նույնիսկ պարտք են անում էն տասը կոպեկը, որ վճարում են ու գալիս, մի՞թե մեզ դուրս կանեք Հայ գրողների ընկերության երեկույթներից, ուր խոսում են հայոց գրականության ու հայոց գրողների մասին…»։

Էս հարցով դիմեցին ինձ աշակերտներից ոմանք, որ լսել էին, թե գրական երեկույթներին իրենց մուտքն արգելելու խնդիր կա։

— Ո՛չ, մենք ձեզ չենք հեռացնիլ,— պատասխանեցի ես նրանց։

Այո՛, չենք հեռացնիլ։ Ավելի լայն կբանանք մեր դռները մեր մատաղ սերնդի առաջ, որ նրանք գան, լսեն մեր