Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մասին, այլև նրա ազդեցության, որ արել է շրջակա ժողովուրդների ու հեռավոր ռոմանական ճարտարապետության վրա, հարկավ, ինքն էլ իր հերթին ազդվելով օտարներից։

Նոր է էս հայտնությունը ինչպես լուսավոր աշխարհքի, էնպես էլ մեզ համար։ Եվ էսօր առաջին անգամն է, որ հայ ճարտարապետը հրապարակավ պետք է խոսի հայ ժողովրդի հետ հայոց ճարտարապետության ու նրա ազդեցության մասին, և դուք առաջին ունկնդիրներն եք, որ լսում եք նրան։

Մեր հարգելի պարոն Թորամանյանը, որ վկայված է Պետեր բուրգի Կայսերական Գիտությունների Ակադեմիայից և Վիեննայի համալսարանից և էս տարի մրցանակ է տարել, տասնևմեկ տարի է լուռ ու անդադրում ուսումնասիրում է հայոց ճարտարապետությունը՝ ավերակից ավերակ անցնելով։ Տասնևմեկ տարուց հետո՝ էսօր էնքան նյութ է հավաքել, որ Ստրիժեգովսկու նման հեղինակավոր մի գիտնականի իրավունք է տալիս մեր մասին գրելու էն տողերը, որ այժմ կկարդացվեն ձեր առաջ։ «Պատիվ ձեր մեծ ազգին», բացականչում է հայոց ճարտարապետության բեկորների առջև հիացած գիտնականը և խոստանում է հայտնություն անել Եվրոպայի առջև։

Եթե հիշենք, որ մի սառն ու լուրջ գիտնական է էսպես ոգևորված մեզ մեծ ազգ անվանողը Եվրոպայի առջև, և եթե հիշենք, որ Եվրոպան էլ լոկ աշխարհագրական տերմին չի, այլ ժամանակակից քաղաքակրթության հայրենիքը, կարող ենք չափել պարոն Թորամանյանի մեծ ծառայությանը և մեր հին կյանքի ու անցյալի ուսումնասիրության նշանակությունը, անցյալի, որ մեր նոր կյանքի ու կուլտուրայի պատվանդանն է։

Մոտիկ առաջիկայում Հայոց գրողների ընկերությունը կազմակերպելու է մի մեծ երեկույթ, ուր կցուցադրվեն հայ ճարտարապետության նմուշները մոգական լապտերով ու նկարներով և պարոն Թորամանյանը կխոսի ավելի հանգամանորեն, իսկ առայժմ էսօր կանի ընդհանուր տեսությունը և տեղեկություններ կտա մեր նախնիքների բարձր ճաշակից ու մեծագործություններից։