Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ ձեռք բերի էդ վայելքից, քանի որ իր կրոնն ու սրբազան ադաթն է թելադրում, թե կարող ես չորս օրինավոր կին պահես, իսկ հարճ՝ ինչքան կամենաս կամ միջոցդ կների։

Հարկավ, շատ լուրջ պատճառներով, նրանցից ոչ մինը անշեղ ու անխոտոր չի իրական կյանքի մեջ, բայց ընդհանուր առումով էսպես են նրանց բարոյական հայացքները, որ հիմք են ծառայել գործնական վերաբերմունքների և էսպես են նրանց ճանապարհները, որ առաջնորդել են մեկին դեպի օջախը, մյուսին՝ դեպի հարեմ։

Առհասարակ կարծում են, թե հարեմը ստրկություն է կնոջ համար։ Դա սխալ է։ Հարեմը ստրկություն չի, այլ շատ ավելի ցած ու ամոթալի մի վիճակ։ Ստրուկը կարող է ասել, թե ես աշխատում եմ ու իմ աշխատանքով հա՛մ ուրիշներին եմ պահում, հա՛մ ես եմ ապրում և ավելի շատ ուրիշներն են ապրում իմ աշխատանքով։ Իսկ հարեմի կինը ոչ միայն չի աշխատում ու ոչ ոքի չի պահում, այլ ինքն էլ ապրում է իր էգության հաշվին, մի դրություն, որ, եթե չեմ սխալվում, չկա ամբողջ կենդանական աշխարհքում, և միայն մարդն է ստեղծել, զարգացրել ու վերջը պսակել հարեմով։

Էսպեսով էլ հայտնի է, որ մահմեդականը կին չունի, կին չունենալով՝ տուն չունի, ընտանիք չունի, բարոյական հաստատուն, ամուր հիմք ու ապավեն չունի։ Մենակ ու անապավեն մարդ է, դրա համար էլ դրսից տուն չի գալիս, ձիուց ցած չի իջնում, զենքը վեր չի դնում, մնում է մի տեսակ դուրսը, միայն իր զենքին ապավինած, միշտ պատերազմի պատրաստ ու պատերազմասեր, հետևաբար և անհանգիստ ու վտանգավոր հարևան։

Շատ կսխալվեն նրանք, որոնք կարծեն, թե մեր «Վերք Հայաստանին» մի բացառիկ դեպքի պատմություն է, որ սկսվում է առեվանգվող քրիստոնյա աղջկա աղաղակով, որին հետևում են հայ ժողովրդի անեծքը, զայրույթը ու տաք գլուխ Աղասու, այսինքն երիտասարդության զարկը։ Ոչ թե հայության, ամբողջ Կովկասի պատմությունը էս տեսակ