Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ճանաչել առանձին-առանձին։ Սաստիկ, սաստիկ ծանր էր նրանց հետ խոսելն ու խոսեցնելը… Եթե խոսել ու խոսեցրել եմ, էն էլ շատ քիչ, պատահմունքով…

Սակայն շարունակ աչքիս առաջն է նրանց բազմությունը, նրանց վտիտ, քաղցած ու մերկ բազմությունը, որ անտառում կանգնած սպասում էր՝ մինչև ճեմարանը դատարկեն…

Դատարկ է արդեն…

Եվ նշան տալուն պես, միջօրեական թեժ արևի տակ, փոշու ամպեր բարձրացնելով, ագահությամբ հոսանք առավ դեպի ճեմարան…

Այնուհետև ճեմարանի մուտքի առջև…

Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը, որ, ասես թե մի հսկայական փոթորկից կռացած, համատարած խուլ աղմուկի ու իրարանցումի մեջ, ամեն կողմից առաջ են հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, կմախքներ, որ դեռ շնչում էին…

Հիշում եմ էն մանկական կմախքների խիտ-խիտ ու երկար շարքերը, երբ կերակրելու համար նստեցնում էին վերահսկող տիկիններն ու օրիորդները, որոնք, ազատարար ոգիների նման, անդադար պտտվում էին նրանց վրա, ոտից գլուխ ճերմակ վերնաշապիկներ հագած, ցավից և անտանելի ծանր օդից ու հոտից գունատված, դալկացած տիկիններն ու օրիորդները…

Խիտ-խիտ ու երկար շարքերով լուռ նստած՝ իրենց բազմահազար աչքերը անթարթ սևեռում էին դեպի դռները, որտեղից ներս էին բերելու թեյի, սուրճի կամ կերակուրի վեդրոները…

Օրվա մեծ մասը թափված էին մերկ հատակներին, երկար նախասենյակներում և կամ ընդարձակ բակում, չէին կարողանում ոտի վրա մնան, ցավում էին նրանց նիհար սրունքներն ու մանկական ոտները, մի քանի հարյուր վերստ փախած, մի քանի հարյուր մետր ճամփա կտրած ոտները…