Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիշում եմ և էն լավ օրը, երբ առաջին անգամ վերահսկողները գանգատվեցին, թե արդեն չարաճճի են դարձել, դժվարացել է կառավարելը, երբ առաջին անգամ տեսանք, թե ինչպես էին նախասենյակներում կուտակած աշակերտական նստարանների արանքները լցվել կամ վրաները բարձրացել ու ոմանք զվարթ երգում են խմբով, ոմանք, նստարաններին հեծած, ձի են խաղում, ոմանք էլ կատակներ են անում, ուրախ-ուրախ ճչում, կրկչում…

Ու ամենքիս աչքերն էլ լցվեցին ուրախության արտասուքներով…

Հիշում եմ՝ ինչպես էին այնուհետև զույգ-զույգ, աշակերտական կարգով, երկար սյունակներով ձգված, միամիտ երգելով, իրենց հին վարժուհիների ու վարժապետների հետ, ճեմում ճեմարանի ծառուղիներում, մինչդեռ մեռելատար սելերը «մեռե՜լ… մեռե՜լ…» ոռնալով, հավաքում էին նրանց սովամահ եղած մայրերի չորացած դիակները, մայրերի, որ գալիս ուժասպառ կուչ էին գալիս իրենց երեխաներից մոտիկ՝ որբանոցի պատերի տակ կամ հնձած խոտի նման խմբովին թափվում էին ծառաստանի ծառերի տակերին…

Վերջապես՝ ահա և ֆուրգոնների ու սելերի երկար շարքերը, որ նրանց, կարմիր ու ճերմակ բլուզներ հագած, մեջները լցրած տարան, ցրվեցին դեպի զանազան քաղաքներ…

Եվ, ո՞վ գիտի, այժմ էլ էն զանազան քաղաքներում երբ հարցնում են թե՝ մայր ունե՞ք, պատասխանում են՝ այո՛, և դեռ գրել են տալիս իրենց մայրերի անունները, առանց իմանալու, թե նույնիսկ էնքան թաղողներ չէին գտնվում Էջմիածին, որ վրա հասնեին, թաղեին իրենցից շատերի մայրերին…


ՄԻ ԵՐԿՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
I

«Закавказская речь» թերթում բացվել է մի շատ ապարդյուն, տգետ ու տգեղ աղմուկ։ «Грузин» ստորագրությունով