Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Չեմ տեսել ավելի հարուստ ու կենդանիներով լիքը մի երկիր՝ քան Հայաստանը» (Сб. мат. для опис. местн. и племен Кавказа, т. 31, стр. 23):

Անկասկած, պարոն Грузин-ը պետք է հավատա մահմեդական պատմիչի վկայությանը։ Եվ այնուհետև թող ասի՝ հապա ինչպե՞ս եղավ, որ էդքան լիքն ու հարուստ մի երկիր ամայացավ, զրկվեց և՛ անտառներից, և՛ կենդանիներից, և՛ այլ ամեն տեսակի հարստություններից, և՛ բնակիչներից, ու եղած բնակիչներն էլ էսօր թողնում փախչում են, ինչպես ինքն էլ տեսնում է…

Թո՛ղ մտերմորեն հարցնի հենց իրենց՝ մահմեդականներին, ու պատասխանը մեզ ասի։

Իսկ մինչև էդ պատասխանն ստանալը, ես ահա թե ի՛նչ եմ ասում։ Հայերն ու վրացիները, Կովկասի բնիկ, եղբայր ժողովուրդները, որ միշտ միասին էնքան տառապել են քաղաքակրթության ու քրիստոնեության համար, անցյալներումն էլ են ունեցել անմիտ ու դատապարտելի վեճեր, մեծ մասամբ դավանաբանական։ Վիճել են, օրինակ, նրա համար, թե Քրիստոսը ե՞րբ հարություն առավ, կեսգիշերին, թե լուսադեմին, և էս տեսակ վեճերի համար նույնիսկ իրար գլուխ են ջարդել, բայց էս անմիտ սխոլաստիկ վեճերից էլ հազար անգամ ավելի ծանր է ու ամոթալի էս վեճը, որ վարում ենք էսօր, ապացուցանելու, թե հայերը նոր, երրորդ ժողովուրդ չեն Կովկասում, թե տաճկահայերը ետին մտքով չի, ոչ էլ իրենց հայրենիքի բնության դաժանությունից ու աղքատությունից, որ Տաճկաստանից փախչում, գալիս են Կովկասում դռնեդուռն ընկնում ու կոտորվում, և, վերջապես, թե Հայաստանի դատարկվելը դեմ է հայերի ցանկությանը, թե դա մի գաղտնի քաղաքական դավադրություն չի հայերի կողմից…