Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դիվանի վերջին գիրքը, որ իր մեջ պարունակում է Տաճկահայաստանում 1801—1888 թվականը կատարված հարստահարությունների վավերագրեր և բռնում է 555 էջ, Դիվանների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում, ինչպես նկատում է և ինքը Հ. Աղանյանը և ցավով խոստովանում է, թե՝ այս հատորը գալիս է միանգամայն ցրելու մեր նախկին կարծիքները, թե կարելի էր հայ ժողովուրդը երջանկացնել և Տաճկաստանի ձեռքով։

Դիվանի էս վերջին գիրքը, արցունքոտ աղերսագրերով ու արյունոտ հաշվեցուցակներով ցույց է տալիս, որ Տաճկաստանում սիստեմատիկ բռնություն, թալան, առևանգում, սպանություն, կրոնափոխություն չեն դադարած, և հայի համար Տաճկաստանը եղել է ոչ թե մի պետություն, այլ սպանդանոց, ուր մինը միշտ մորթվել է ու հոշոտվել, իսկ մյուսն սպասել է իր հերթին, հաստատ իմանալով ու շարունակ հիշելով, որ էդ հերթը պիտի գա մի օր։

Դիվանի էս գիրքը՝ հուսահատական դիմումներով, բարձրագոչ բողոքով ու ըմբոստ ծրագիրներով, ցույց է տալիս, թե սխալ են բոլոր էն մարդիկ, որոնք կարծում են, թե էս ամենը կարող էին անցնել առանց ծայրահեղ դժգոհության բռնկումի, առանց հեղափոխության։ Այլև սխալ են նրանք, որոնք կարծում են, թե հեղափոխութչունը դրսեցիները՝ ռուսահայերն են սկսել Տաճկաստանում։ Էսպես կարծողներն ու պնդողները թող այժմ կարդան Դիվանի 269 երեսը։ 1872 թվականին, մարտի 3-ին, առ Դուռն դիմելիս Վասպուրական քաղաքի (Վանա) տառապյալ ժողովուրդը պայման է կապում ու միակամ հոժարությամբ խաչ ու ավետարանի վրա երդվում, մինչև արյան վերջին կաթիլը իր պայմանը չժխտել։ Ասում է՝ «վասն զի գնաց մեր պատիվը, պղծվեցան մեր եկեղեցիք, առևանգեցին մեր հարսունքն ու երիտասարդունք, հայտնապես կխլեն մեր իրավունքը մեր ձեռքեն ու իսպառ սպուռ մեր ազգության սերունդը ջնջելու կճգնին։ Վասնորո կամ պետք է մեռնել ու չտեսնել աչս սարսափելի վիճակը, և կամ վերակենդանություն ստանալ ի ծոց հայրենյաց։