Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հավատացնում եմ 9 հարգելի գրասերներին, որ իմ տեսակետն էլ բոլորովին տարբեր է եղածներից։ Ես ոչ արվեստի ու իր օրենքների, ոչ անցյալ գրական երկերի օրինակով եմ մոտենում գրական գործին, ոչ էլ նրա հասարակական ու գաղափարական արժեքների տեսակետից, այլ ամենից առաջ ուզում եմ ճշտել, գտնել թե արդյոք նրա մեջ կա՞ ստեղծագործողի կենդանի շունչը, էն, որ ամենայն իրավամբ կոչվում է Աստվածային, որովհետև նա է միայն, որ գրական արտադրությանը տալիս է մեծության ու անմահության հատկությունը։ Մնացածը՝ և՛ արվեստ, և՛ փիլիսոփայություն, և հասարակական գաղափար, և՛ բարոյագիտություն,—բոլորը գալիս են նրանից հետո։

Եթե էն չկա՝ պրծանք։ Էլ ոչ մի արվեստ, ոչ մի հասարակական միտք, ոչ մի մեծ գաղափար օգնել չեն կարող։

Ահա դատավորների ու նրանց դեմ բողոքողների վերաբերմունքից տարբեր մի վերաբերմունք, և սակայն ոչ թե դատի համար չեմ դատապարտում Հայոց գրողների ընկերությունը, այլև նրա վարչության նախագահն եմ, որքան էլ տարբեր կարծիքներ հայտնվին նրա հարկի տակ։

Ամենայն հարգանքով լսել եմ ամենքին, որ խոսել են և լսելու եմ նրանց էլ, որ դեռ պետք է խոսեն։

Գրական ստեղծագործության քննադատությունն ի՞նչ է որ․ հանգիստ ու խոր սուզումն գրական գործի մեջ, օբյեկտիվ ու աննախապաշար վերաբերմունք, պայծառ ու թափանցող հայացք, որ ինչքան էլ սխալներ տեսնի ու հաշվի, միշտ էլ որոնում է կենսունակն ու ապրողը, որովհետև էդ է նրա վերջնական նպատակը։

Քննադատը ժամանակի գործն է կատարում։

Ի՞նչ կմնա գրական գործից տաս, քսան, հիսուն, հարյուր կամ հազար տարուց հետո, նա էդ էսօր է ուզում իմանալ ու ցույց տալ։

Մենք էլ էդպես պետք է վերաբերվեինք նրան, ինչպես նա վերաբերվում է գրական ստեղծագործություններին։