Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեզանից՝ հայերից, հայ թարգմանիչներից է առաջ գալիս։ Մեր հին բանաստեղծության մեջ շատ բառեր ու ոճեր կան, որ մինչև էսօր մնում են մութն ու անհասկանալի, և կամ սխալ են մեկնած։ Շատ աղավաղած տեղեր կան, որ մինչև օրս մնում են անվերծանելի։ Էդ պատճառով շատ տեղ հենց մենք ինքներս ենք թարգմանիչներին ձգել սխալների մեջ՝ էդ տեսակ տեղերն ու տողերը սխալ թարգմանած նրանց ձեռքը տալով։

Ես կվերցնեմ հենց մի հանրածանոթ օրինակ՝ Սայաթ-Նովեն։

Սկսենք առաջին երգից․ «Աշխարումըս ա՛խ չիմ քաշի, քանի վոր ջան իս ինձ ամա», էջ 249։ Սայաթ-Նովեն ասում է․

«Մեչկըտ սալբու չինարի պես»․․․ թարգմանած է․

Ты вся чинарный кипарис.

Սխալ է։

Մի ուրիշ անգամ էլ եմ արել էս նկատողությունը։ Եվ կրկնակի սխալ է։ Նախ որ Սայաթ-Նովեն չի ասում չինար սալբուի պես, ասում է․ սալբու չինարի պես, ուրեմն բառացի թարգմանելիս պետք է թարգմանված լիներ кипарисный чинар, ոչ թե чинарный кипарис.

Բայց դարձյալ սխալ կլիներ։

Սերվ, սարվ, սալբի կամ սալբու նոճին է, իսկ չինարը սոսին, որի մի տեսակն է և բարդին։ Թե նոճին, թե սոսին արևելքի բանաստեղծության մեջ փոփոխակի գործ են ածվում իբրև նշանակ վայելչակազմության, բարձր, շիտակ, ուղղաձիգ հասակի։

Ս․ Գրքում Եզեկիել մարգարեն Ասուրի գեղեցկությունն ու բարձրությունը նմանեցնում է նոճու։ Մի այլ տեղ «նոճ ի դրախտին Աստուծոյ»։ Կամ Սիրաքն ասում է՝ «բարձրացայ իբրև ղսօս» (իդ․ 19)։

Շոթա Ռուսթավելին Ավթանդիլի համար ասում է՝ ինչպես չինար դրախտում տնկած։ Էս դեպքում էլ կամ պետք է սալբուի և չինարի մեջտեղը կետ դնել և ասել՝ մեչկըդ

20-145