Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ էսպես անդամալույծ, փեչի վրա պառկած երեսուն տարի (այսինքն շատ երկար ժամանակ) նա շարունակ լսում է, թե ինչ վատություններ են կատարվում իրենց աշխարհքում, ինչ ավազակություններ են լինում իրենց մայրաքաղաքում (Соловей разбойник)։ Պառկած տեղը սիրտն էրվում է, ու միշտ աստծուն էն է աղոթում, որ իրեն մի ձեռն ու ոտը տա...

Եվ ահա մի անգամ էլ, երբ հերն ու մերը տանը չեն, գնացել են դաշտը իրենց աշխատանքին, օտար մարդիկ են գալիս, խեղճեր են գալիս փակ դռան առջևը կանգնում ու Իլիային ձեն են տալիս, կանչում են, խնդրում են, որ դուռը բաց անի, իրենց ներս թողնի, ջուր տա խմեն, սիրտները հովանա։

Իլիան ներսից պատասխանում է, ասում է՝ «ես էլ եմ շատ ուզում, որ ձեզ ներս թողնեմ, ջուր էլ տամ՝ կուշտ խմեք, բայց ի՞նչ անեմ, էսքան տարի է էսպես անդամալույծ ընկած եմ, ոչ ոտն ունեմ, ոչ ձեռը»...

— Տեղիցդ ժաժ արի՝ վեր կկենաս,— կանչում են խորհրդավոր հյուրերը։

Իլիան լռում է։

Աջ ոտն է փորձում՝ շարժվում է, ձախ ոտն է փորձում՝ շարժվում է։ Իսկույն ոտի է կանգնում, դարպասները լեն բաց է անում ու ներս է հրավիրում օտարականներին։ Ջրի փոխարեն վեդրոներով գարեջուր է տալիս։ Խմում են կշտանում, մնացածն էլ, ասում են, դու խմիր։ Խմում է, արյունը խաղս է առնում երակներում, աշխուժի է գալիս, կենդանանում, զորանում, դառնում մի հսկա, էնքան ուժեղ, որ հարկ է լինում ուժը մի քիչ պակասացնել, չափավորել։

Ապա թե օրհնում ու խրատ են տալիս անծանոթ հյուրերը։

― Էդ ուժը, ասում են, բավական է քեզ, որ դու մեծ հսկա լինես, չպարտվես պատերազմի դաշտում, քրիստոնեության պաշտպան հանդիսանաս ու կռվես մեծ հսկաների