Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թող վերադարձնեն վրացուն նույն հողերը, ինչ որ նա երեկ, նույն պատմության բերմունքով ստիպված է եղել թողնելու իրենց։

Պատմական-քաղաքական տեսակետը ինչքան էլ խախուտ լինի, այսուամենայնիվ, նա մի բան է ազգերի հոգեբանության մեջ, իսկ եթե դրան միանում է և իրական կարիքը՝ խնդիրը դառնում է լուրջ։

Այլապես, էսօրվա հողապակաս ժողովուրդը, վաղը, ավելի ևս նեղվելով ուզի-չուզի, ստիպված կլինի զենքի դիմելու։

Բայց, իհարկե, պետք է էն տեսակ շրջանների խոսք չանել, ինչպես օրինակ Լոռին ու Փամբակն են, որոնք ոչ վրացական են եղած, ոչ էլ կարող են լինել և միայն խնդիրը խճճում են և առանց էն էլ խախուտ պատը փչացնում։

Ինչ վերաբերում է գաղթականությանը, տաճկական զորքերի հեռանալուց հետո նա արդեն վերադառնում է իր տեղը։

Բայց էդ հերիք չի։

Ավելի մեծը կա։

Երկար դարերի դժոխային բռնակալությունից հետո Տաճկաստանն ինքն է հեռանում Հայաստանից, և կատարվելու է հայության վերջին մեծ տեղատվությունը ամեն տեղից, նույնպես և Վրաստանից, հայության Մեծ Վերադարձը դեպի Հայաստան։

Վերադառնալու են ոչ միայն երեկվան գաղթականները, այլև նրանք, որ դարեր առաջ եկել հաստատվել են Վրաստան։

Եվ ամենից առաջ Հայաստանի ու իրեն հայ ժողովրդի շահն է էսպես պահանջում։

Այո՛, և տեղ շատ կլինի ամենքի համար, և ազատ ու երջանիկ ապրելու և ամեն կերպ զարգանալու հնարավորություն։

Մի՞թե չեք լսում Վիլսոնի հոյակապ հայտարարությունները,