Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թող ամեն մի հայ կատարի իր այդ սուրբ պարտականությունը և կատարի անհապաղ։

Քննիչ Հանձնաժողովի նախագահ՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ


ԵԼՔԸ

Երբ հանուր աշխարհի ականջին ընդհանուր խաղաղության ավետիսն է հնչում, երբ պատերազմից տանջված վրաց և հայ ժողովուրդները պատրաստվում են նոր, հանգիստ և անկախ կենցաղի արշալույսին դիմավորելու, հենց այն ժամին՝ մի առավոտ, երկու դեմոկրատ հասարակապետության դեմոկրատները զարթնելով իմանում են, որ իրար կոտորելու հրամանն են ստացել։

Ամեն մի պատվավոր անձ, հայ թե վրացի, այս միևնույն է, անկարող է չհասկանալ, թե որչափ սոսկալի, անմիտ և աղաղակող է երկու ժողովուրդների այս ընդհարումն։

Երկու կողմից արձակած գնդակները թափանցում են այսպես մտածող մարդու սիրտը։ Չկա ոչ մի արդարացումն այս պատերազմի պատճառիչների, կամա թե ակամա, որովհետև նույնիսկ ամենաանմեղը նրանցից պարտավոր է պատասխանատու լինել երկու ժողովուրդների դիմաց։

Սակայն այժմ մեղավորներ գտնելու և նրանց դատելու ժամանակը չէ։

Այս ժամին պետք է ամբողջ ուժը գործածել արյունահեղությունը դադարեցնելու և պատճառը վերացնելու համար։

Բայց ինչո՞ւմն է պատճառը։

Սահմանագծային վեճ՝ Լոռու և Ախալքալաքի ռայոնների հարցը։ Պատերազմական գործողությունը դադարեցնելուց հետո անհապաղ պետք է լուծել այս հարցը։ Եվ