Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի սպասենք նրանց խոստացած բացատրություններին[1]:

Իհարկե, առանց դրան սպասելու և առանց պատերազմի մասին ըստ էության խոսելու, ես արդեն պետք է էդ ժամանակ պատասխան գրեի Ձեզ, բայց էդ ժամանակ էլ հիվանդացա և միայն այժմ եմ կարողանում գալ Ձեզ հետ եղբայրական զրույցի։

Դուք Ձեր նամակում ազնիվ ու բարի ցանկություններ եք հայտնում մեր ժողովուրդների ու մեր հայրենիքների վերաբերությամբ և, ասում եք, Ձեզ նման են մտածում և Ձեր մյուս ընկերները, որոնց ճանաչելու, և սիրելու հաճույքն ունեմ։

Ուրիշ կերպ լինել չէր էլ կարող։ Չէ՞ որ Դուք ձեր ժողովրդի ներկայացուցիչներն եք, ոչ թե էն ներկայացուցիչները, որոնք ընտրական քվեատուփերից են ծնվել, այլ էն ներկայացուցիչները, որոնք ծնվել են իրենց ժողովրդի ազգային ոգուց ու հանճարից։

Իսկ էս երկու տեսակի ներկայացուցիչների մեջը հսկայական տարբերություն կա։ Էն տեսակ տարբերություն, ինչ տարբերություն որ կա Կախեթի այգու[մ կախված] խաղողի ուղկույզի մաքուր հյութի մեջ և խանութում ի ցույց դրված շշի միջի հեղուկի մեջ, որի վրա գրված է «Кахетское вино»։ Խանութում վաճառվող շշի գինիներից հազարից մեկն է իսկականը լինում և սովորաբար կեղծ է լինում, իսկ այգու ողկույզի հյութը ոչ կեղծ կարող է լինել և ոչ էլ հնար կա կեղծելու։ Դրանցից մեկը գինեվաճառն է լցնում, մյուսը՝ բնությունն ինքը։

Անբնական էլ կլիներ, որ Դուք լավ զգացմունքներ ու բարի ցանկություններ չունենայիք և նույնիսկ Ձեր հոգու

  1. Այստեղ ինքնագրում մատիտով գրված կա նաև հետևյալը. «Միայն մի բան, որ ճիշտ էիք ասել— Ինձ վրա էդ պատերազմը շատ…»։ Ըստ երևույթին Թումանյանն ակնարկում է Տաբիձեի հետևյալ պարբերությունը. «Մենք հավատում ենք, որ չի գտնվի մի ուրիշ հայ, որին այնպես տխրեցներ այս պատերազմը, ինչպես Ձեզ»։