Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է էն սոցիալիստը, որ սուրը ձեռքին վեր է կացել և սոցիալիզմի անունով, աշխատավոր ժողովրդի անունով կոտորած է անում, իշխանություն ու երկիր է հափշտակում, նույնքան էլ գարշելի է, երբ գեղարվեստի մարդը, աստվածային սիրո և եղբայրական զգացմունքի փոխարեն, ատելության ու շովինիզմի կիրքն է բորբոքում մարդկանց սրտերում։

Ես կարծում եմ հասել է ժամանակը, երբ գեղեցիկ գրականությունը պիտի հրաժարվի էս տգեղ դերից, որ երբեմն առնում է իր վրա, պիտի դադարի սպանիչներին ու սպանությունները փառաբանելուց։ [Ինչ ձևով] Դուք, իմ երիտասարդ բարեկամ, զգացված եք, որ ես թե առաջ, թե վերջերս Վրաստանի մասին բարձր կարծիք եմ հայտնել և բարի ցանկություններ։

Այո՛։ Եվ ավելին կասեմ՝ էդ սերն ու բաղձանքը անսասան էդպես էլ կմնան, առաջինը՝ որովհետև ես միայն սեր ու բարի ցանկություններ ունեմ ամենքի համար [մանավանդ Վրաստանի համար], երկրորդն էլ՝ էդ լավ զգացմունքները հիմնված են մեր հին եղբայրակից ու բախտակից վրացի ժողովրդի բարի, պայծառ ու ազատասեր ոգու վրա։ Զարտուղի դեպքերն ու անցողակի դժբախտ երևույթները և կամ էս ու էն պակասությունները անկարող են խախտել էդ խոր հավատն ու սերը։

Եվ ի՛նչ խոսք, որ ազատ է լինելու Վրաստանը, ինչպես, ազատ են լինելու և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Դաղստանը, և՛ մյուս բոլոր ժողովուրդները առհասարակ։

Եվ մեզնից ամեն մեկս պիտի սիրենք մեր հարևանի ազատությունն ու աշխատենք նրա համար, պարզ գիտակցելով էն հավիտենական ճշմարտությունը, որ մեկի երջանկությունը պայմանավորվում է մյուսի երջանկությունով։ Դժբախտի հարևանի բախտավորությունը հաստատուն լինել չի կարող երբեք։

Եվ չէ՞ որ էս ազատությունը, որի համար էսքան տառապում ենք ու երազում, մի շատ հասարակ բան է, ինչպես