<ԵԶՐԱՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ>
Հարգելի հանդիսականներ. Հայոց գրողների ընկերության կողմից ես մի խոսք եմ ասելու, որ գուցե շատ համարձակ թվա ձեզ։ Էսօրվան բոլոր ճառախոսները գեղեցիկ ցանկություններ հայտնեցին ու պայծառ հույսեր դրին Հայոց գրողների ընկերության վրա։ Ես ասում եմ՝ կատարվում են էդ գեղեցիկ ցանկությունները և էդ բոլոր հույսերը ապահովված են արդեն։ Հույս են հայտնում ու ցանկանում, որ Գրողների ընկերությունը միշտ մնա ուժեղ ու կենդանի։ Ես ասում եմ՝ նա արդեն ուժեղ ու կենդանի է ձեր ոգևորությունով ու սիրով, ձեր որ միշտ լցրել ու լցնում եք նրա դահլիճները՝ դռներից ու սանդուղքներից սկսած և բուռն ծափահարություններով խրախուսում եք նրան դեպի առաջ։ Ցանկանում են, որ ուսումնասիրվի մեր պատմությունը, մեր երկիրը, մեր գրականությունն ու գեղարվեստը իր ամեն ճյուղերով։ Բայց հենց էդ ցանկացողներն իրենք ու մեր բոլոր դասախոսները երկու տարի է զբաղված են էդ ուսումնասիրության գործով ու էդ ուղղությամբ արդեն առաջ են բերել մինչև օրս չտեսնված մի լայնածավալ շարժում։
Ցանկանում են, որ մեր մայրենի բեմը ծաղկի ինքնուրույն գեղեցիկ գործերով։ Բայց ահա ձեր առջև նստած է Շանթը, «Հին Աստվածների» հեղինակը, որ ոչ միայն մեր հասարակությունը ոգևորած պահեց մի ամբողջ տարի, այլ օտար բեմերի ուշադրությունը գրավեց և էսօր ռուսաց մայրաքաղաքի գեղարվեստական թատրոնում ընդունվելիք բեմական գրվածքների մեջ երկրորդ տեղն է բռնում, և էդ ամենի համար սրտագին ողջունում եմ մեր սիրելի ընկերին Հայոց գրողների ընկերության անունից։ (Դահլիճը դղրդում է բուռն ու երկարատև ծափահարություններով, Շանթը ոտի է կանգնում, շնորհակալություն է հայտնում)։
Ցանկանում են, որ բարգավաճեր մեր նորագույն գրականությունը։ Բայց ահա ձեր առջև նստած է մեր նորագույն