Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


<ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ>

(էջ 396)

Տպագրվել է «Գրական-գեղարվեստական ալմանախ», 1919, գիրք 5 էջ 131, ի պատասխան ալմանախի խմբագրության հարցաթերթիկի՝ ուղղված հայ գրողներին, ժամանակակից հայ գրականության մասին կարծիք հայտնելու խնդրանքով։ (Հարցաթերթիկին, բացի Թումանյանից, պատասխանել են նաև Լեոն, Դեմիրճյանը, Նար-Դոսը, Սուրխաթյանը և ուրիշներ)։ Այնուհետև տպագրվել է ԹՔ, էջ 438-439, ապա, խմբագրական միջամտություններով՝ ԵԺ IV, 429։

Արտատպվում է «Գրական-գեղարվեստական ալմանախից»։


1920

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՄԱՎՈՐ ՏՈՒՐՔ

(էջ 397)

Տպագրվել է Աշխ, 1920, 22 հունվարի, № 16, որտեղից և արտատպվում է։

1 Ամերիկյան գնդապետ Հասկելը Հայաստանում դաշնակիցների գերագույն կոմիսար է նշանակվել 1919 թ. ամռանը։ Այս մասին տե՛ս «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», խմբագրությամբ պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյանի, Երևան, 1972, էջ 550։


ԳՆԱՆՔ

(էջ 398)

Գրված է վրաց գրականության և քնարերգության օրվա առթիվ, որը հայտարարված է եղել 1920 թ. մայիսի 7-ին։

Տպագրվել է Ն. Աշխ, 1920, 6 մայիսի, № 26, այնուհետև՝ ԹՔ, էջ 442-444, ապա, կրճատումներով և խմբագրական միջամտություններով ԵԺ IV, 425։

Արտատպվում է Ն. Աշխից։

1 Նկատի ունի 1918 թ. հայ-վրացական ընդհարումները։