Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ երբ ետ եք դառնում դեպի 60-ական թվականները` ճանաչելու, թե ո՞վ էր էդ հիմնադիր վարպետը, —ձեր սիրտը լցվում է անկեղծ հրճվանքով: Չգիտեք նրա ազատասեր ոգու վրա հիանաք, նրա վառ հայրենասիրության ու ժողովրդասիրության վրա զարմանաք, նրա հոգու ազնվության ու մաքրության վրա ուրախանաք, թե նրա սրտի քնքշության ու ճաշակի նրբության վրա:

Եվ ի՜նչ իմաստուն ու գեղեցիկ է դնում նա իր գործի հիմքը` իրեն հերոս առնելով Թորոս Լևոնին, բյուզանդական բանտում փակված հայ իշխանազնը, որ բանտից դուրս փախչելով, հասնում է իր հայրենիքը, ազատասիրության շունչ է փչում, սիրտ տալիս, ոտքի է հանում իր ժողովրդին ու կանգնեցնում է ամուր` իր ազատ կյանքով ապրելու:

Էսպեսով, նա հանդիսանում է մի խորհրդանշան` հայ ժողովրդի ազատասիրության ոգին, մի ոգի, որ թագավորում է հայոց թե՛ պատմական, թե՛ ժամանակակից կյանքի վրա հիմնած գրականության մեջ և զորանում ու ամրանում է ժողովրդական ուժով` հերոսական խորհուրդներից հերոսներ ծնելով:

Հայոց գրողների ընկերությունը էսօր եկել է ծաղիկներով ու զարդարել Ծերենցի գերեզմանը` նրա մահվան 25-ամյակի առիթով:

Սակայն էս ծաղիկները չնչին զարդեր են նրա մեծ շիրմի համար: Սրանց բոլոր արժանիքն էն է, որ մեր զգացմունքների արտահայտությունն են էսօր: Սրանցով չպիտի զարդարվի նրա շիրիմը, մի շիրիմ, որ զարդարված է տաղանդի, ժողովրդասիրության ու մաքրության անթառամ զարդերով, թե՛ լավ գրողի, թե՛ ազնիվ մարդու վսեմ առաքինություններով: Եվ մենք չենք եկել մեր հանդեսով ու ճառերով նրան բարձրացնելու, այլ եկել ենք` նրան հիշելով, նրանով բարձրանալու:

Եվ թո՛ղ օրհնված լինի նրանց հիշատակը, որոնք իրենց կենդանության օրով ժողովուրդներին կյանք և շունչ տալուց հետո էլ, չեն դադարում իրենց գործերով ու գերեզմաններով