Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպագրվել է ԳԹ, 1956, № 16, ապա ամբողջը, մասնակի բացթողումներով՝ Եժ VI, 153-156։

Տպագրվում է ինքնագրից։

1 Ըստ երևույթին, Շեքսպիրի մահվան 300-ամյակի կապակցությամբ Թումանյանը պատրաստվել է ընդարձակ զեկուցում կարդալ ՀԳԸ երեկույթում, և այս սևագրությունը այդ զեկուցման նախնական թերի շարադրանքն է։ Սակայն զեկուցում չի կարդացել, այլ միայն ողջույնի խոսք է ասել 1916 թ. մայիսի 3-ին, Թիֆլիսի ժողովարանի դահլիճում, Շեքսպիրի և Սերվանտեսի մահվան 300-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկույթում։ Այդ ողջույնի խոսքը (տե՛ս սույն հատոր) տեղ-տեղ բառացի համընկնում է այս սևագրության առաջին մասին՝ մինչև «բայց ո՞վ է ինքը․․․» պարբերությունը։ Ինքնագրի առաջին և երկրորդ էջերի լուսանցքներում կան հետևյալ նշումները, որոնք Թումանյանն արել է իր հետագա աշխատանքի համար. Ա. «Թագավոր-ո՞վ է, ի՞նչ ուսում, ինչո՞վ է մեծ», Բ. «Բայց ինչո՞վ է Շեքսպիրը հանճար և աշխարհա<հռչակ>»։

2 Վերջին տողի բովանդակությունը Թումանյանը բերում է փոքր-ինչ ազատ մեկնաբանությամբ։ Իմաստը հետևյալն է՝ «Իմ անունը կեղտոտվում է, ինչպես ներկարարի ձեռքերը»։

3 Նկատի ունի Շեքսպիրի 111-րդ սոնետը, ուր նա խոսում է իր «նզովյալ արհեստի» մասին, դժգոհում է ճակատագրից, որ իրեն դատապարտել է դերասանի թափառական կյանքի և հանրային ողորմության (տե՛ս Շեքսպիր, Սոնետներ, Երևան, 1961, թարգմ. Դավթյան և Քելեշյան, էջ 127)։

Շարունակության մեջ Թումանյանն ակնարկում է Սայաթ-Նովայի այն տողերը, ուր նա կոչ է արել՝ մարդկանց պատճառած դառնությունների դիմաց բարիք պարգևել նրանց («Ով քիզի լիղի պարքիվե, դուն տու շաքար, Սայաթ-Նովա»)։

4 Թումանյանն իր այս մտադրությունը չի իրագործել։


ՀՐԱՊԱՐԱԿԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ

„КАВКАЗСК<ОЕ> СЛОВО” ԹԵՐԹԻ Պ. ԽՄԲԱԳՐԻ ՀԵՏ

(էջ 459)

Առիթը եղել է «Кавказское слово» թերթի 1916 թ. 189, 190-րդ համարներում (26 և 27 օգոստոսի) տպագրված Յու. Սեմյոնովի «Россия в Малой Азии» («Ռուսաստանը Փոքր Ասիայում») հոդվածը։ Սակայն ինչ-ինչ պատճառներով Թումանյանը ժամանակին չի տպագրել իր այս «հրապարակական զրույցը»։