Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջապես բարեկամական նամակով ու նվերներով դեսպան է ուղարկում Թեհրան՝ Ֆաթ Ալի Շահին… [Եվ բարեկ<ամական> խոսքը շրթունքին՝ դեսպանը դեռ Թեհրան՝ պատերազմը պայթեց]։

[Եվ] [ահա] [կռիվը] Պատերազմը պայթեց իբրև թե սահմանագլխի այն հողերի համար, որ ռուսները տիրում էին ապօրինի։ [Ինչպես] Այսպես ասում է ինքը՝ Աբբաս Միրզան, կռվի սկզբում իր այն գրության մեջ, [անձնատուր լինելու առաջարկության] որ ուղղած է Շուշու բերդում փակված ռուս զորքի գնդապետ Ռեուտին 1826 թ. հուլիսի 25-ին, թե.

«Հիմնվելով ռուսաց տերության կառավարչապետի և սահմանի գլխավորների վարմունքի վրա, որոնք վարվում էին խաղաղության [պայմանագրին] դաշնագրին հակառակ, պարսից տերության աստիճանավորները ստիպված էին ետ առնելու իրենց իրավունքները» (Кавказский сборник,XXIV, 63)։

Այս գրությամբ նա առաջարկում է Ռեուտին՝ անձնատուր լինել ու հանձնել իրեն Շուշու բերդ, խոստանալով խնայել զորքի կյանքն ու ազատ ճանապարհ տալ: Ռեուտը պատասխանում է.

«Ռուսաց և պարսից տերության [մեջ] միջև եղած խաղաղության խանգարվելու մասին ես ոչ մի տեղեկություն չունեմ իմ իշխանությունից, ոչ մի բանակցության մեջ մտնել չեմ կարող, իսկ իմ պաշտոնը պետք է կատարեմ, ինչքան իմ պատիվը պահանջում է»։

Ճշմարիտ որ ռուս զորքերն ամբողջ սահմանի վրա տեղեկություն չունեին։ Հանկարծակիի եկան… Պատերազմի լուրը առաջին անգամ, երբ Ղարաքլիսից Թիֆլիս հասավ, Երմոլովն էլ կարծում էր, որ դա միայն Երևանի սարդարի լրբությունն է Երևանի կողմից, սովորական մի չափազանցություն, բայց երբ լուր եկավ, որ Աբբաս Միրզան էլ մտել է Ղարաբաղ, պարզվեց, որ [պատերազմը] սկսված է, այն պատերազմը, որին սպասում էր, բայց ոչ այդպես անակնկալ:

119