Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ մի հարց է առաջ գալի, թե այսքան սոսկալի ճակատագիր ունեցող մի ժողովուրդ էսքան դարերի [կյանքից ու տանջանքից], փորձերից ու փորձանքներից հետո միթե իր ապրած [կյանքից իր] տանջանքներից, իր աղետալի պատմությունից մի իմաստություն չի հանել, մի խելք չի սովորել, մի քաղաքականություն չի մշակել իր համար: Անշուշտ պետք է ունենա մի ազգային քաղաքականություն, և ունեցել է միշտ։ Տեսնելով, որ անվերջ են հարձակումներն ու հարվածները և տեղը վտանգավոր, անապահով, նա միանգամ ընդմիշտ [ամեն միջոցներով] ստիպված է եղել մտածելու իր գլուխը պահելու մասին և ստեղծել է մի քաղաքականություն, որ [եթե] կարելի է ասել, գլխապահության կամ ինքնապաշտպանության քաղաքականություն։ [Եվ ամեն միջոցներով]։ Եվ միշտ գնացել է այդ ճանապարհով։ Բայց որովհետև շատ ավելի զորեղ են եղել ճնշողներն ու հարձակվողները, էն գլխից զգացել ու որոնել է մի մեծ ու հզոր դաշնակից կամ ավելի ճիշտը հովանավոր, որ ամեն անգամ իրեն օգնի ու պաշտպանի նրանց դեմ։

Բառերը պատմություններ են։ Պատմությունը հաճախ խտանում ու հավերժանում է մի բառի մեջ, պետք է ետ մեկնես, բաց անես, և մի բառից դուրս կգա մի պատմություն։ Բայց, այնուամենայնիվ, նա ապրեց, շնորհիվ իր լեռնոտ դրության: [Աշխարհքում ամենից] հարթավայրերից վերացան, լեռնաշխարհները պահեցին։ Նույնիսկ Հայաստանում էլ ամեն հեղեղե ժամանակ դաշտավայրերում կոտորվում էին կամ գերվում, լեռները պահում էին ու նորից սերում։ [Երբ] Կիլիկիան՝ Ռուբ<ինյան>, Ղարաբաղը, [նաև Սասուն]՝ Սյունյաց մելիքներ, Լոռի՝ Կյուրեկյան տունը։