Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդեն տեսանք, որ 1771 թվին մի թիֆլիսեցի Դավիթ վարդապետ է ձեռնադրվել և նշանակվել Հաղպատա միաբան։ Հաղպատա և Սանահնա վանքերը գտնվում են իրար մոտ, մի քանի վերստ հեռավորության վրա։ 1783 թվին Ղուկաս կաթողիկոսը հանդիմանում է Սանահնա առաջնորդ Աբրահամ վարդապետին, [որ նույնպես վայելում էր վրաց արքունիքի հովանավորությունը, և ասում է որ] ասում է. «Մենք քեզ առաջնորդ ենք արել, որ գնաս վանքումը նստես, վանքը շինես, բարեկարգես, միաբան ժողովես, ժամերգություն հաստատես մեջը, իսկ դու մեր հրամանի հակառակ թողել ես խեղճ վանքն անշուք, գնացել ես օրհնյալ քաղաքն Թիֆլիս, մի եկեղեցի ես զավթել, քեզ համար շինել առաջնորդարան և հանգստյան տեղ, որ էնտեղ քո ծուռը (թյուր) դաստիարակի հետ նստեք և փառավորությունով ու հրճվանքով ձեր կյանքը զով-զով ու սաֆայով-քեֆով անցկացնեք»:

Ապա խոսելով վարդապետի տված հրամանի մասին, որով թույլ է տալի ամուսինը կենդանի մի կնոջ մի ուրիշի հետ ամուսնանալու, կա՛թողիկոսը նորից [խոսում է] գալիս է անհայտ դաստիարակին, ասում է.

«Ո՛վ խելագար դու, կինը և քո խրատիչը, որին իբրև քեզ դասատու ես պահում և որի փոքրավորն ու ծառան ես հենց, որ քեզ միանգամայն հանձնել ես նրան, և ամեն կողմից հետևում ես նրա կամքին ու անբարոյական (վատշվեր) բարքին։ Ինչպես շատերից լսել ենք և հենց ճշմարիտ էլ է, անբանի նման սանձդ տվել ես նրա ձեռը և հիացած, զմայլած նրա անճոռնի ճարտասանությամբ ու հիմարական գրչով, գրածդ չես էլ մտածում՝ թե ինչ ես գրում… Մեկի կինն առել ես քրեհով (իճարայով) տալիս ես մյուսի՞ն…»6։

Ես կարծում եմ, Աբրահամ վարդապետի էս դաստիարակն ու դասատուն, որ նրան կրոնավորի ճամփից հանում է, տանում Թիֆլիս քեֆ ու զովղի — թիֆլիսեցի Դավիթ վարդապետը պետք է լինի, որի հետ առհասարակ չունի Ղուկաս կաթուղիկոսը, ինչպես կտեսնենք։