Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հաղպատա վանքի միաբան թիֆլիսեցի Դավիթ վարդապետը բացառիկ կերպով վայելում է վրաց Հերակլ II թագավորի և Գևորգի թագաժառանգի, հետագա Գևորգի XII թագավորի սերն ու հովանավորությունը։ Նույն 1783 թվին, որ Ղուկաս կաթողիկոսը Աբրահամ վարդապետին էնքան նախատում է իր դասատվի ու դաստիարակի պատճառով, էդ նույն տարին թագաժառանգ Գեորգին, որ Սոմխեթի կառավարիչն էր, իսկ Հաղպատա վանքը գտնվում է Սոմխեթում, միջնորդում է Ղուկաս կաթողիկոսին և խնդրում է, որ [վարդապետ] վիճակավոր եպիսկոպոս ձեռնադրի թիֆլիսեցի Դավիթ վարդապետին։ Եվ ահա կաթողիկոսը օրհնության կոնդակ է գրում թագաժառանգին և Դավթի ձեռնադրության մասին գրում է, թե. «Ստացա քո սիրանիշ թուղթը, որ ղրկել էիր Դավիթ խոհեմամիտ վարդապետի և քո հավատարիմ ծառա Շաքարոյի հետ:[Ասում է ուրախությամբ պետք է ձեռնադրեի եպիսկոպոս]: Ասում է Պոլսից, Երուսաղեմից ու Ս. Կարապետից նշանավոր վարդապետներ էին եկել եպիսկոպոս ձեռնադրվելու, նրանց ձեռնադրեցի, հինգ օրից հետո Դավիթ վարդապետն եկավ, և ինքն իր աչքով տեսավ, որ ուշացել էր։ Այժմ կմնա մեզ մոտ, մինչև պատշաճավոր ժամանակ լինի — կձեռնադրենք ձեր խաթեր:

Եվ շարունակության մեջ ասում է, թեև ձեր խաթրը ամբողջ աշխարհքի հետ չեմ փոխիլ, նրան եպիսկոպոս կձեռնադրեմ ու կուղարկեմ, բայց մինչև ձեռնադրելը ուզում եմ ձեզ հայտնել, որ բոլոր քրիստոնեից կանոն է, որ եպիսկոպոսը պետք է մի հատուկ վիճակի վրա ձեռնադրվի և մի ժողովրդի, իսկ Դավիթ վարդապետը ոչ գիր ունի մի որևէ ժողովրդից, ոչ համախոսական (մահսար), որ ձեռնադրելիս բազմության առաջ կարդանք։ Խորհուրդ է տալիս և խնդրում՝ իշխանության ուժով Հաղպատա վանքից հեռացնեն, էջմիածին ղրկեն նույն վանքի առաջնորդ խռովարար Իսրայել եպիսկոպոսին, որ Դավթին եպիսկոպոս ձեռնադրի ու ղրկի նրա տեղը Հաղպատա վանքի առաջնորդ, որ մեծ դիրք ու պատիվ էր էն ժամանակ։