Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա էլ իրազեկ լինի գործին և խնդրում է, որ թագավորը առանց էն «աշխատավորների», այսինքն առաջնորդ կոչեցյալ կարգազերծ Դավիթ եպիսկոպոսի ու իր չնչին աբեղայի սուտ ու պատիր պատճառաբանությունները լսելու ուղղակի հրամալի, որ կատարվեն իր բարեմտորեն գրածները, որ միայն Հաղպատա վանքի օգտի համար են։

Սակայն, չնայելով Ղուկաս կաթողիկոսի ցասումին ու գրությանը, ծերունի Հերակլ II թագավորը գրում է, որ կաթողիկոսը ների և բանադրանքից արձակի Դավիթ եպիսկոպոսին կամ վարդապետին։ Եվ ահա կաթողիկոսը նույն 1792 թվականի հոկտեմբեր ամսին թագավորին գրած պատասխանի մեջ երկար տիտղոսներ ու հավաստիացումներ շարելուց հետո, ասում է.

«Դիվանբեք էշիբաղաբաշի Թեյմուրազի ձեռքով ձեր մեծության թուղթը մեզ հասավ, որ սիրով ընդունելով՝ իմացանք ինչ որ գրել էիք Հաղպատա առաջնորդ Դավիթ վարդապետի մասին, որ ներենք նրա հանցանքները և արձակենք հոգևոր կապանքից և այլն։ Սրա [վրա] դեմ թեմ մեծ էր մեր սրտնեղությունն ու վիրավորանքը, բայց գերհարգության միջնորդության պատճառով* իջանք մեր բարկությունից։

Դավիթ վարդապետի համար էսպես իմացած եղեք, որ սրա հանցանքն ու գայթակղությունները շատ են և սակավ չեն սրա կողմից մեր կրած գլխացավությունները։ Հարկավոր էր սրան երկար կշտամբել ու խրատել, որ զգաստանա։ Դրա համար էլ կամեցանք, որ նա էստեղ մի երկու-երեք ամիս մնա, հաստատ խոսք տալով, որ պատիժ չէինք տալ, բայց երբեմն-երբեմն խրատական խոսքերով կհանդիմանեինք, որ գուցե թե վարժվելով վարքը ուղղեր դեպի բարին՝ հետո վերադառնար, բայց էստեղ մնալը չեղավ, և իրենք կպատմեն թե՝ ինչու։ Ապա մենք նրան եպիսկոպոսների բազմության առաջ ատյան կանչեցինք ու իր երեսին ասինք իր պարտավորությունները։ Դրանից հետո ձերդ մեծության քաղցրագույն խաթեր համար նրան ոչ պատժեցինք