Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ինչ անուն ուներ Սայաթ-Նովան կրոնավոր ժամանակ, հայտնեց, որ ինքը, «Դիվան Հայոց Պատմութեան» (հրատարակություն Գյուտ ավ. քահ. Աղանյանի) Սայաթ-Նովայի ժամանակների, հատկապես Սիմեոն ու Ղուկաս կաթողիկոսների կոնդակները քրքրելով և Հաղպատա էն ժամանակի միաբանության մեջ որոնելով կրոնավոր Սայաթ-Նովային՝ գտավ, որ նա Հաղպատա թեմի առաջնորդ, Հաղպատա Մայրավանքի աթոռակալ, լուսարար կամ պետ կոչվող Դավիթ եպիսկոպոսն է, որ հաճախ վարդապետ է կոչվում, մի կոչում, որ համարվում էր բարձր և տրվում էր բոլոր բարձր հոգևորականներին, իսկ լուսարարությունը ամենամեծ պատիվն էր, որ կարելի էր տալ մեկին։

Անցնելով պատմական փաստերին ու գրագրություններին՝ կարդաց հատվածներ ու լուսաբանություններ արավ, որոնցից երևաց, որ Սայաթ-Նովային, կնոջ մահից հետո (1768 թ.) Թիֆլիսի ժամանակակից առաջնորդ, Դավիթ եպիսկոպոսը ձեռնադրել է աբեղա, որը, երևի, իր անունն էլ տվել է Սայաթ-Նովային, ինչպես լինում էր սովորաբար։ Կարդալով հատվածներ հայոց Ղուկաս կաթողիկոսի և վրաց Հերակլ թագավորի և թագաժառանգ Գեորգու գրագրությունից, այլև Էջմիածնի ուրիշ կարգադրություններից ու քըննություններից՝ ցույց տվեց, թե ինչպես Դավիթ եպիսկոպոսը չէր հաշտվում կրոնավորության և վանական կյանքի հետ, շարունակ վանքը թողնում գալիս էր նստում Թիֆլիս, ձեռք չէր քաշում քեֆերից և վարում էր աշխարհիկ կյանք, արհամարհում էր կաթողիկոսի իշխանությունը, որի համար էլ նրան սաստիկ հալածում էր Ղուկաս կաթողիկոսը, անվանում էր նրան չիք վարդապետ, չիք եպիսկոպոս, չառաջնորդ Դավիթ սևագլուխ, լիրբ, անզգամ, վատշվեր, ցոփագնաց և այլն, և այլն, և վերջիվերջո կարգալույծ է անում, զրկում է եպիսկոպոսությունից ու առաջնորդությունից և մերժում է, հեռացնում է հայոց եկեղեցուց։ Իսկ մյուս կողմից սաստիկ պաշտպանում են Վրաց Հերակլ թագավորը, Գեորգի թագաժառանգը և ամբողջ վրաց արքունիքը, և ստիպում են