Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հաղպատու վանքը սև վեղարի, սև շորերի ու Դավիթ անվան տակ։

Բայց որովհետև ինքը հենց կյանքն էր, որ կար, թեկուզ և բուռն ապրելուց բեզարած, մի առ ժամանակ հանգստանալուց հետո, չէր կարող փակվել ու պարտակվել վանքի սառն ու խուլ պատերի մեջ, թեկուզ ծերության օրերում։ Թիֆլիսի գեղեցկուհիների շրջաններին սովոր, Հերակլ թագավորի արքայական խրախճաններում սիրված ու փայփայված, չոնգուրով ու քյամանչով, խաղով ու տաղով իր օրերն անցկացրած—հանկարծ հայտնվում է վայրենի լեռներում, քարերի մեջ, Հաղպատա վանքի պատերում—ինչ կոչումով ու պաշտոնով ուզում է լինի — վարդապետ, եպիսկոպոս, աթոռակալ, առաջնորդ թե լուսարար, և մենակության մեջ իր նոր կյանքի ծայրահեղ աղքատությունը ստիպված է լինում խոստովանելու մի երկտողով, որ հասել է հանգ<ուցյալ> Ախվերդյանի ձեռքը.

«Հաղպատա Լուսարար Սայաթ-Նովան եմ։
Մի կանթեղ վառելու ձեթ չունեմ»։


Եվ ահա էստեղ էլ վրա են հասնում օրերի «Հին Աստվածները», ու բացվում է մեր առջև հայոց մեծ գուսանի կյանքի ու հոգու մեծ դրաման, որ 1795 թվի սեպտեմբեր 11-ին փակվում է Աղա Մամմադ խանի արյունոտ խանչալով և ստիպում է մեզ իրեն՝ Սայաթ-Նովայի հետ բացականչելու. «Վա՜յ քու տարին, Սայաթ-Նովա»։

Զեկուցումը վերջանալուց հետո գրած խնդրի շուրջը տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որին մասնակցեցին՝ Լեոն. գտնում է, որ դասախոսը հաստատուն ապացույցներ չտվավ, թե Սայաթ-Նովան եպիսկոպոս է եղել: Նրա թիֆլիսեցի լինելը և Հերակլ թագավորից պաշպանեւթյուն գտնելը ապացուցել այդ չեն կարող: Փաստ չէ նույնպես այն, որ թե Սայաթ-Նովան հաճախ Հաղպատի վանքից Թիֆլիս էր գալիս և քեֆեր անում,