Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոփոխել ու պատմել է իր ճաշակով և ավելացրել է իր ժամանակինն ու իրենը։

էս պատճառով էլ անախրոնիզմը սովորական երևույթ է էպոսի մեջ, որ, սակայն, չի խանգարում նրա ամբողջությանը։ Ընդհակառակը, դա բխում է նրա էությունից ու բնավորությունից։ Նա չի կարող և չի սահմանափակվում պատմական որևէ մոմենտով։ Նա ընդգրկում է ժողովրդի կյանքի ամբողջությունը սկզբից մինչև վերջը և ստեղծում է էն բարոյգաղափարական աշխարհքը, ուր անձնավորվում ու կենտրոնանում են ամբողջ ժողովրդի դարավոր մաքառումներն ու հեռավոր իդեալները, բոլոր հոգեկան ու բարոյական կարողությունները։

Բայց աշխարհքում ոչ մի ժողովուրդ չկա, որ ապրի պարփակված ինքը միայն իր կյանքով։

Ամեն մի ժողովուրդ շփումներ ու հարաբերություններ ունի ուրիշ ժողովուրղների հետ, որ ասել է թե [մասամբ] ապրում է և ուրիշների կյանքով։

Էս փոխհարաբերություններով էլ, [երկար] դարերի ընթացքում, զանազան միջոցներով, հազար ու մի բաների հետ, ժողովրդից ժողովուրդ անցնում են նաև էպոսական էս կամ էն մոտիվները, որոնք ավելի ընդհանուր գծեր ունեն, [որոնք] և կոչվում են թափառական մոտիվներ։

Ընդունելով ու որդեգրելով էդ թափառական մոտիվները՝ ամեն մի ժողովուրդ հարմարեցնում է իր բնությանն ու իր բնավորությանը։

(էն վիշապը, որ Հայաստանում հայտնվում է Սասունի լեռներում ու ճանապարհորդներին կլանում, որին և գնում է սպանում Աասունցի Դավիթը նույն վիշապը անգլիական էպոսում հայտնվում է ծովի մեջ, նավերն ու նավորդներին է վնասում, և Բեովուլֆը գնում է սպանելու՝ հինգ օր ծովում լող տալով)8։

էպոսի էս ընդհանուր ճակատագիրն է ունեցել և հայկական էպոսը, և թերևս ավելի մեծ չափով, քան որևէ ուրիշ էպոս, որովհետև մեծ չափով են եղել կողմնակի ուժերի ազդեցությունները