Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մենակ է Ռամզեսը։ Շրջապատված է թշնամոu 2,500 պատերազմական կառքերով։ [Եվ] Սիրտը երկյուղ է ընկնում։ Դիմում է Թեբեի Ամմոն֊Ռա-ին, Եգիպտոսի գերագույն աստծուն։

Ասում է. «Ամեն կողմից շրջապատել են ինձ անծանոթ ու անհամար ժողովուրդներ։ Բոլորը միացել են իմ դեմ և ես մենակ եմ նրանց մեջ, ու ոչ ոք չկա ինձ հետ...»։

Խնդիրք է անում Ամմոն֊Ռա֊ին, որ իրեն օգնի, ու, աստծու օգնությունով զորացած, ընկնում է թշնամու անհամար բազմության վրա և մենակ ինքն ու իր ձիանքը ոտի տակ են տալիս թշնամու զորքն ու կոտորում հազարներով։ Կենդանի մնացածները փախչում են, գլուխներն ազատում (Халагянц> История> Арм>ении):

ճիշտ նույն պատկերը հայկական էպոսի մեջ։

Մենակ է Սասունցի Դավիթը։ Առաջը ծովացած է Մսրա Մելիքի անհամար զորքը։ Երկյուղ է ընկնում դյուցազնի սիրտը։ Դիմում է աստծուն ու Մարութա բարձր Ասվարածնին։ Ապա թե աստծու օգնությամբ զորացած ընկնում է թշնամու բանակի վրա։ Ինչքան ինքն է կոտորում, էնքան էլ իր Քուռկիկ Ջալալին է ոտի տակ տալիս։ Կենդանի մնացածները փախչում են, գլուխներն ազատում։

Բայց հնագույն Հայաստանի հարաբերությունները շատ ավելի սերտ են եղել հարևան Ասորա-Բաբելական աշխարհքի հետ, և շփումներն էլ ավելի զորեղ ու ճակատագրական։

Դա եղել է Նայիրիի, Բիայնայի կամ Մաննայի և կամ Միննեի Ուրարտուի Արմինիայի կամ Հայաստանի լեռնաշխարհի և Ասորա֊Բաբելական և նրանց կից մեծ հարթավայրերի անվերջ կռիվը, սարի ու դաշտի անհաշտ կռիվը, հայ ժողովրդի հին կռիվը։

էդ անապատներից են եկել մեծագույն հարվածները էն բոլոր իշխանություններին ու ինքնուրույն կյանքին, որ երբևէ առաջ են եկել ու զարգացել Հայաստանի բարձրավանդակի վրա—Բելից սկսած մինչև թաթար֊թուրք [ական]—մոնղոլական ցեղերը։