Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գել ախպեր և այլն։ Երբ մարդը իրեն շրջապատող բնության երևույթների մեջ քամին ու իր շունչը նույնն են նրա համար միևնույն կենդանի հոգին՝ կենդանի շունչն է տեսնում և իր ծագումը կապում բույսերի, ծառերի ու գազանների հետ…

Երկներ երկին և երկիր… Եվ եղեգնից մարդ է ծնվում, ու մարդու տոհմը կապվում է եղեգնի հետ։ Եղեգնը դառնում է տոհմի [նշանը] տոտեմը, այսինքն՝ խորհրդանշանը, հետագայում գերբը։ Եվ տոտեմը, որ երբեմն սոհմի կամ ազդի նշանն էր միայն, ժամանակի ընթացքում դառնում է ազգը կամ ազգի անունը18։

Իր ծագումով կապվելով բույսերի ու գազանների կամ կենդանիների հետ՝ մարդը, բնականաբար, ավելի շատ կապվել է շնչավորների հետ՝ [գազանների ու իր կլիմայում գտնվող, հարկավ, կենդանիների հետ]: [Գազանների ու] կենդանիների մեջ էլ նրանց հետ, որոնք իրեն շատ ավելի օգտավետ ու սիրելի են եղած և կամ ավելի ուժեղ ու աչքի ընկնող, և ավելի մարդու նման։

Արդ, բարեխառն ու հյուսիսային կլիմաներում, որ կենդանին է, որ ավելի աչքի է բնկնում, ավելի ուժեղ է ու ավելի մարդու նման։

Իհարկե արջը։

Նա իր խոշորության հետ միասին, ինչպես ժողովուրդն ասում է, 12 ձիու ուժ ունի։ Նա կարողանում < է > ետի երկու ոտների վրա կանգնել ու ման գալ մարդու նման։ Փընթփընթացնել, թքել ու ապտակել մարդու նման։ Էնքան, որ նրան սովորաբար շատ ժողովուրդներ արջ ասելու տեղ՝ պապի են ասում, արջ պապի։ Ինչպես որ շատ մարդու էլ նմանեցնում են արջի։

Եվ ժողովուրդներին արջը հայտնի է ոչ որպես գազան, այլ որպես մարդ-գազան կամ գազանամարդ։

Նրա խելքն ու իմաստությունը, մինչև անգամ խղճմտանքը՝ հնուց ի վեր շատ է հռչակված ժողովուրդների մեջ։

270