Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որպեսզի զարմանալի չթվա էս ենթադրությունը, թե ինչպես կարելի է էդքան հեռվից արձագանքը հասներ մեզ, ես կվերցնեմ դեռ դրանից էլ ավելի հին մի օրինակ։

Լուքսորի պալատի պատերի վրա մինչև էսօր մնում է 5 հազար տարի առաջ գրած Պենտաուրա պոեմը, որ պատմում է Ռամզես II-ի պատերազմը քետացիների դեմ։

Ռամզեսը մենակ է, շրջապատված է 2,500 կառքով, ամեն մեկի մեջ 3 զինավառ թշնամի։ Եվ ահա, մենակ մնացած փարավոնը դիմում է Թեբեի գերագույն աստծուն, Ամմոն Ռա-ին, ասում է. «Ամեն կողմից շրջապատել են ինձ անծանոթ ու անհամար ժողովուրդներ։ Բոլորը միացել են իմ դեմ, և ես մենակ եմ նրանց մեջ, ու ոչ ոք չկա ինձ հետ․․․»։

Խնդիրք է անում [աստծուն] Ամմոն Ռա-ին, որ իրեն օգնի։ Ու աստծու օգնությունով զորացած մենակ ինքն ու իր ձիանքը թշնամուն հազարներով ոտի տակ են տալիս ու կոտորում։ Իսկ կենդանի մնացածները փախչում են, գլուխներն ազատում։

Բայց հնագույն Ժամանակներից սկսած Հայաստանի կամ Արմենիայի լեռնաշխարհի հարաբերությունները շատ ավելի սերտ են եղել հարևան Ասորա-Բաբելական աշխարհքի հետ և շփումներն էլ ավելի եռանդուն ու [ավել] ճակատագրական։ Դա եղել է դաշտի ու սարի անվերջ կոիվը։

Եվ Հայաստանի պետություններին միշտ վտանգը սպառնացել է հարավից ու հարավն է մի քանի անգամ վերջ տվել իր բարձրավանդակի իշխանությանը—ինչպես ք. ա. VIII դարում հեթիթների մեծ թագավորությանը վերջ տվեց Ասորեստանը։ Եվ էդ պատերազմները եղած են անվերջ ու կատաղի։ Ազդեցությունն էլ ավելի մեծ ու խոր։

Ահա քաղդեական (ասորական) էպոսը—Իդդուբարի կամ ավելի ընդունվածը՝ Գիլգամեշի։

Գիլգամեշը հովիվ է. հալածական թափառում է իր հայրենիքում, մինչև կարողանում է ձեռք բերել իր հոր իշխանությունը։