Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր հարևան Պարսկաստանի ազդեցության մասին մինչև անգամ ավելորդ է խոսել, էնքան է մեծ ու [էնքան է հայտնի] :

Բայց ես ուզում եմ մի քիչ էլ էն կողմր անցնել դեպի Հնդկաստան և թաթարական Միջին Ասիա և ինձ առաջնորդում է մի կարևոր հանգամանքը։

[Մի ուրիշ անգամ ցույց եմ տվել հնդկական մեծ ազդեցությունը մեր էպոսի վրա]:

Եթե [միևնույն մեծ] մեր մայր գետի՝ Արաքսի անունը պատահում ենք և էն աշխարհքում, — Սիր Դարիան հնում կոչվել է Արաքս։

Եթե մեր սրբազան սարի անունը Մասիս և Արարատ կրկին անուններով ունեն և [նրանք] Հիմալայի լեռներում։

Եթե մեր [սրբազան] մի ավանդությունը—ջրհեղեղի տապանի և այլն, ունեն և նրանք, ապա ինչու [զարմանք] չի կարող պատահել, որ մեր նախահոր անունն [էլ] ու առասպելն էլ էնտեղ որոնենք ու գտնենք ։

Հայ և Հայկ անունները չեն իսկ պատահել դեռ ուրիշ հին զրույցներում։ Գոնե ես չգիտեմ։ էդ անունները միայն հայոց պատմության և հայ առասպելների մեջ է պատահում։ Եվ էն էլ միմիայն մի տեղ ու մի անգամ—մենակ Արամ, նաև Արշակ։

Միակ տեղը, որ հանդիպում ենք Հայկ անվան նման մի անվան, էդ Ալթայական թաթարների առասպելի Խայըկ դյուցազն է, Բայ Ուլաղան բարձրագույն աստծու որդին, որ բնակվում է երկնքում, հարկավ, աստղի կերպարանքով։

Նույն թաթարական առասպելի ասելով Խայըկ նաև էն լեգենդական անձն էր, որ աստծու հրամանով տապան շինեց և իր երեք որդով ազատվեց ջրհեղեղից ու իմիջիայլոց աշխատանք զարգացրեց և խաղողի որթեր տնկեց ու զինի շինեց։

Նույն ժողովրդի մեջ Այըգ կոչվում է արջը (մեր թաթարական այը) և էն էլ համարվում է երկնքի որդի, աստծո որդի, դյուցազն (Потанин. Вос<точные> мот<ивы> 406):