Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՀԱՅԿԱԿԱՆ ԷՊՈՍԻ ԲԱՌԱՐԱՆԻՑ

<Տարբերակ—հատվածներ>

Եթե ճշմարիտ է, որ էպոսը մի ժողովրդի ապրած կյանքի խտացումն է և եթե ճշմ<արիտ է>, որ էպոսի հերոսները նրա հոգեկան ու բարոյ<ական> կարողությունների մարմն<ացումն են>, հետևաբար [նրա մեծության ու կուլտուրականության չափանիշը, ապա հայ ժողովուրդը] հիրավի, մի մեծ [ու բարձր֊կուլտուրական] ժողովուրդ է, քանի որ Սասունցի Դավթի նման մի հոյակապ էպոս ունի։

<Ենթավերնագրից հետո՝>

[Ամեն մի ժող<ովուրդ> էպոսի վրա աշխատել է հազարավոր տարիներով, ոչ միայն ինքը, հարազատ ժողովուրդը, այլև շատ ուրիշ ժողովուրդներ։

Ուրիշ ձևով ասենք. հազարավոր տարիներով էպոսի հերոսը իր հրեղեն ձիու վրա ոտնատակ է տալիս շատ մոտիկ ու հեռավոր աշխարհքներ, շատ բան է բերում իրեն հետ ամեն կողմից ու իրեն հետքերն էլ թողնում ամեն տեղ։

Եվ ահա նրա բերած ու մթերած գանձերը ճանաչելու համար, ինչպես և նրա հետքերը գտնելու համար պետք է շատ տեղեր թափառել]։

Եվ [միշտ] սովորաբար հարավ֊արևելքն է [վերջ տվել] հարվածել էն բոլոր իշխանություններին, որ առաջ են եկել Հայաստանի բարձրավանդակի վրա, [միշտ] ամենամեծ չափով հարավ֊արևելքից ներս է խուժել նրա երկրի ու կյանքի, ապա և էպոսի ներսը։

Եվ միշտ սովորաբար հարավ֊արևելքն է <վերջ տվել> հարվածել է բոլոր իշխանություններին, որ առաջ են եկել Հայաստանի բարձրավանդակի վրա, միշտ ամենամեծ չափով հարավ֊արևելքից ներս է խուժել նրա երկրի ու կյանքի, ապա և էպոսի ներսը։