Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մի քաղցր բան, նորա կյանքի հարկավոր պայմաններից մինը» («Հյուսիսափայլ», 1860, №1,Ս. Նազարյանց):

Նրանք ասում են.

«Իջանելով հայ դպրության ասպարեզը, մենք գիտեինք, որ դարավոր տգիտությունը պատերազմ պիտի հայտնի գիտությանը, որին լինելով մի լոկ սպասավոր, օրհնեցինք և ընդունեցինք այդ պատերազմը»(«Հյուսիսափայլ», 1860, Ա կիսամյակ, էջ 466, «Հիշատակարան Կոմս էմմանուելի»)։

Հիրավի ծա՜նր պատերազմ։ Նրանց առջև կանգնած էր [մի] զգացմունքները բթացած, խավարի ու ստրկության մեջ ծնված ու սնված մի Ժողովուրդ, որի իմացական ընդունակությունները քայքայվել են.

«…Մնացել է միայն մի բիրտ ու կոպիտ ձգտողություն դեպի մարմնավոր ստացվածքները, և ինչ որ այսպիսի ձգտողություն չէ, ոչինչ է ամենևին նորա աչքում» («Հյուսիսափայլ», 1860, №1, էջ 5, Ստեփանոս Նազարյանց)։

Մի ազգ, որի մեջ «չէ գնահատվում խոսքի արժանավորությունը, ամենայն քայլափոխում տեսանում ենք այնպիսի վարվեցողության օրինակներ, որ անվայել էին բանականության» («Հյուսիսափայլ», 1858, Բ կիսամյակ, էջ 30, «Նկատողոլթյունք» Միքայել Նալբանդյանցի)։

Ուր «ամենայն ինչ առանձին, բաժան-բաժան, ջոկ–ջոկ, ցան ու ցիր, վայրիվերո, անկարգ և վայրենի, այնպես որ ամենափոքր գործը, որ կարոտ Էր հասարակաց օգնության, իսկույն հանդիպում Էր ամենասառն, մեռած ու քարացած սրտերի և ջախջախվում Էր դոցա վերա հազար ու մի կտոր» («Հյուսիսափայլ», 1862, Բ կիսամյակ, Էջ 46, Ստեփանոս Նազարյանց)։

Ուր «մի ինքնըստինքյան չնչին և աննշան բան, միմիայն լուր արտաքին, թատրոնական ձևավորության պատճառով նախընտիր է համարվում… քան թե մի այլ ծանր խնդիր, որի լուծանելուց կախված էր ազգի ստույգ և ոչ թե կարծեցած հառաջադիմությունը» («Հյուսիսափայլ», 1858, Բ կիսամյակ, էջ 31, Ս. Նազարյանց, Երկու խոսք)։