Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(«Հյուսիսափայլ», 1860 Բ կիսամյակ, 382, 3, «Հիշատակարան Կոմս Էմմանուելի»)։

«Ընկերության մեջ երիտասարդ աղջիկների հետ մի խելացի խոսակցություն բանալ, մի փոքր մխիթարվիլ նոցա սրտի և հոգու ազնիվ ու սիրարժան հատկություններովը, այդ մի չլսած և չտեսած բան է» («Հյուսիսափայլ», 1859, Ա կիսամյակ, էջ 55, Ս. Նազարյանց, Նկատողությունք)։

Ահա մի ողորմելի կյանք։ Պարզ բան է, որ խղճալի պետք է լիներ և սրա գրականության ու գրողների վիճակը։ Եվ ահա բողոքը.

«Մի աշխատավոր հեղինակ մեր մեջ, շատ տեսակ գեղեցիկ գրվածներ ուներ տալու յուր ժողովրդին, բայց նորա ձեռք ու ոտքը կաշկանդված են, որովհետև չկա մի հասարակություն, որ խելացի կերպով օգներ և քաջալերեր նորան, մի աշխատավոր հեղինակ, ասում ենք, եթե հայոց մեջ լիներ մի խելացի հոգաբարձություն, ձեռք ու ոտք կստանար պիտանի լինելու յուր ժողովրդին, մինչ նա այս րոպեիս, ներկա պայմանների մեջ մեռած է նորա համար» («Հյուսիսափայլ», 1862, Բ կիսամյակ, էջ 49, Ս. Նազարյանց, Առաջարկություն)։

Եվ եթե «Մի հեղինակ որևիցե ճանապարհով ձեռք է բերում այնքան արծաթ, որ կարող էր հրատարակել մի գրված, հետո, երբ որ գիրքը դուրս էր եկել տպարանից, չգիտե, թե որպես տարածե յուր աշխատությունը, որովհետև հայերի մեջ չկա գրավաճառություն և գրավաճառական կարգ» («Հյուսիսափայլ», 1858, Բ կիսամյակ, էջ 330, Ս. Նազայանց, Կրիտիկա)։

Նպաստող չկա, գրավաճառություն չկա, ընթերցող չկա, չկա և քննադատող ու գնահատող, իսկ եթե կա էլ՝ չեղածից ավելի վատ է։

1840 թվին մի պարոն գիրք է տպում Թիֆլիսում, և ահա 1853 թվին մեկը քննադատում է այդ գիրքը և իմիջիայլոց, ասում է, թե՝ «Դորա հեղինակը պախարակելի էր, ըստ որում առաջ փակեղ է կրել, իսկ այժմ բոլորշի գլխարկ,