Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 նոյեմբերի առավոտյան դուրս եկանք Թաղլիչայից։ Ամբողջ գիշեր փախած քրդերի շները սաստիկ ցավալի ոռնում էին դատարկ դռներին ու կտուրներին։

ճանապարհին Եփրատի երկու կողմը շարունակ ցույց էին տալիս հայ գյուղերի ավերակները, որ թողել են գաղթերի ժամանակ 29, 55 և 78 թվականներին13։ Կամ քրդական գյուղեր են նրանց տեղերը, կողքերին՝ ընդարձակ հայկական գերեզմանատներ։ Գյուլիսոր (Ծաղկոց) գյուղի մոտ՝ կողքին, ներքև հին մեծ կամուրջի մնացորդ կամարներ կան։ Եփրատը (Մուրադ) [հունը] ընթացքը փոխած, կամուրջը թողած հարավային ծերից է անցնում՝ կամուրջի հեռու։ Ժողովուրդն ասում է՝ էս կամուրջը հայերն են շինել։ Եվ էն օրվանից, որ հայերը հեռացան Ծաղկոցից՝ Եփրատն էլ իր ընթացքը փոխեց, կամուրջը թողել ու հեռվից է անցնում։ Նրա դեմը ներքև, ձախ ափին Զիրո, Քուփ, Ղռան և Խդըր և Մանգասար գյուղերը կան։ Քուրդ շամշադինովները էնքան են նեղացրել, որ գաղթել են Ռուսաստան։ Իրենք էլ եկեղեցիները քանդել են ու գյուղերին տիրել։ Զիրո գյուղից ժողովուրդը (12 տուն հայ կա, 60 տուն քուրդ)—քուրդ ու հայ առաջներս եկան։ Խոսեց Խորեն եպիսկոպոսը։ Զիրոյի տակ, ճամփին սպանված ընկած էր մի քուրդ։ Գերիներից էր (որ նախորդ օրը տեսանք): ճամփին հոգնել էր, չէր կարողացել գնա, ղազախները սպանել էին, ճամփի մեջտեղը վեր գցել։ Ղազի գյուղից Հակոբ Տեր Ատեփանյան ծերունին մի քանի մարդկանց հետ եկել էր Թաղլիչայ հրավիրելու։ Զիրոյի տակ եկան և Ղազի գյուղի ձիավորները. իրենք խեղճ, ձիանքը խեղճ, ուրախ, ոգևորված, սկսեցին ձի խաղացնել, ուրախություններ անել ձյունոտ հովտում. Եփրատի ափերին չորս կողմը ամբողջ քուրդ է։ Հաշվեցինք՝ ահի ժամանակ մի հային հարյուր քուրդ եկավ։ Գյուղից մոտիկ առաջ եկած կանգնած սպասում էին Մազրա և Մանգասար գյուղերի քահանաները—ժողովրդի հետ։ Շարական սկսեցին երգել— «Թագավոր փառաց»։