Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իջանք, գնացինք եկեղեցի։ Եկեղեցին գյուղի վերև խղճուկ, մերկ, ոչինչ չունի, ոչ վարագույր, ոչ սկիհ, ոչ մոմակալ, ոչ գիրք, մերկ միանգամայն։ Պատմեցին, որ երեք անգամ կողոպտել են. ամեն բան տարել մինչև անգամ սեղանի տախտակները, էս տախտակներն էլ նոր ենք կպցրել։ Վերևը մի Աստվածածին՝ Հիսուսը գրկին։ Ու խոսեցինք [եկեղեցու ներկայացուցիչ] Խորենը, ես, Սմբատը։ Ավետիս տվինք, որ արդեն անցել են Հին նեղությունները, հուսադրեցինք, որ նորերն էլ՝ պատերազմի ժամանակ է, անցավոր նեղություններ են, շուտով կանցնի։ Նրանք էլ ոգևորված ջերմ զգացմունքով մեր ռուսահայերից բերած ողջույնին ամենայն ջերմությամբ պատասխանեցին, պատրաստակամություն հայտնեցին ամեն նեղության դիմանալու (մինչև անգամ արծաթ սկիհը, որ պահել էին մի տան, էն էլ ռուս կազակներն էին հանել տարել, չորս հացով ծախել)։ Եվ չորս հոգով Խորեն եպիսկոպոսը—եկեղեցու ներկայացուցիչ, Խունունցը՝ դպրոցի ներկայացուցիչ, Սմբատ՝ հին գործիչ, դաշնակցության ներկայացուցիչ և ես՝ գրականության—նրանց առջև կանգնած հույս էինք տալիս, որ նեղ օրերին լեն օրեր կգան, էրած գրքերի տեղ նորերը կունենան, կիսավեր թալանված եկեղեցու տեղ Հոյակապն ու նորը կկանգնի, նրա կողքին էլ դպրոց կունենան։

(Շիրվանը չեկավ,—հոգնած եմ,—ասավ)։

Սաստիկ հուզիչ էր էս գյուղում ու էս եկեղեցում։ Եվ չոքեցինք կիսավեր եկեղեցում, կիսամերկ ժողովրդի հետ, թալանված սեղանի առջև ու թալանված քահանաները սկսեցին երգել—«Ապաւինեցաք ի խաչքո Քրիստոս…»

Ամենիս էլ թվաց, թե առաջին անգամ եղանք թյուրքահայ գյուղում և խորապես զգացինք էն ամենը, որ զգացել էինք մինչե էդ ժամանակները։

Պատերազմից 3 օր առաջ Զիրո գյուղից համիդիական Ռասյուլ բեկի հիսնապետ Հասան էֆենդին փախցնում է