Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանված Գյուզալ անունով 18 տարեկան աղջիկը։ Բողոքում են թուրքերին, չեն կարողանում ետ ստանալ։ 12 օր պահում են։ Գնում են գանգատվում ռուսներին, ռուսները հրամայում են, իսկույն բերում են ետ տալիս։ Փախցնողը իր չորս եղբորով փախած Ալադաղի լեռներումն են։ Աղջկա հերն ու նշանածը ասում են՝ մեզ սպառնում են, մի հրացան են խնդրում:

Համիդիեն, որ 4 գունդ է եղել ընդամենը, մի երկու տեղ կռվելով փախել է, ժամանակ չի ունեցել մեծ վնասներ տա, կոտորած անի, բայց թալանել է, շորերը հանել է, տների միջից ինչ կարող է եղել վերցնի֊վերցրել է, բռնաբարել է։ Ռուսները սաստիկ արագ են հետապնդել. առաջին օրը 85 վերստ անցել են, մի քանի տեղ կռվի բռնվելով ու քշելով։

Ղազի գյուղ խնդրում է։ Մենք ճամփի վրա ենք, ոտի տակ ենք։ Ինչ որ թալանեցին, ինչ որ ուզեցին՝ տվինք—էլ ոչինչ չունենք։ Ուզում են, լեզու էլ չգիտենք, որ հասկացնենք, մեզի կզարկեն։ Մի ճար ճամփա են խնդրում:

Նույնպես հանդիսավոր բնդառաջ եկան և Յոնջալու գյուղացիք: Գնացինք եկեղեցի։ Ժողովուրդը և մանավանդ կանայք, որ առաջին անգամն էին էսքան դուրս եկել—խռնված էին։ Սաստիկ շատ երեխաներ կան էս գյուղերում։ Կանայք վշտոտ դեմք ունեին, բայց գեղեցիկները շատ են։ Նոր է պարզվում ինձ համար, թե ինչու նուրբ մորթի ունի էստեղից գաղթած Ախալցխայի կողմի [ժողովուրդը] կինը։

Ղազի գյուղից դուրս գալիս մտանք մի այլ տաճար—գլխատունը, պառավ (մոտ 90 տ<արեկան>) Սանամ նանին իր ծոռը գրկին, 30 հոգուց ընտանիքը ետևը կանգնած թոնրի կողքին համբուրեց Խորեն եպիսկոպոսի աջը։ Խորեն եպիսկոպոսն էլ նրա ձեռքը համբուրեց, որ շատ տպավորություն արավ նրանց վրա։ Ես էլ համբուրեցի։ Խորենը մի քանի խոսք ասավ։ Առաջարկեց, որ ես էլ խոսեմ։ Խոսեցի նահապետական օջախի ու մեծ նանի մասին։ Խորենը առաջարկեց խոսելու և Յոնջալու գյուղում։ Խոսեցի։