Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գեղարվեստորեն, մեղմ ալիքներով ձգվում են զուգահեռաբար Ալադաղի շղթան—Ծաղկանց լեռներն ու Բարթող շղթան—Սինաքա սարերը, որոնց մեջ Քյոսադաղը վեհ ու գեղեցիկ բարձրանում է հեռվից։

Ժողովուրդը, մանավանդ կանայք, քնքույշ դեմք ունեն ու առողջ, երեխաներն էլ, չնայելով էսքան տառապանքին, կեղտին ու աղքատությանը: Երկու կողմից դալար ստինքները բաց արած սնուցանում են նրան լեռնաշղթաները, իսկ մեջտեղը ոլորապտույտ, հանդարտ հոսում է Արածանին—Եփրատը:

Ինչպես ամեն անգամ, էս անգամ էլ քուրդ ու տաճկի առաջին երազներից մինն էլ եղել են Թիֆլիսի և Վրաստանի գեղեցկուհիները։

Եվ ինչպես ամեն անգամ, էս անգամ էլ քուրդը և թուրքը քաշվել է տաճկական բանակի հետ, հայը՝ ռուսական։ Նայած, թե որն է նահանջում ու որն է մնում։

Երեկոյան հասանք Ղարաքիլիսա: Նույնպես ժողովուրդը դուրս էր եկել գյուղից դուրս։ Եպիսկոպոսի ձեռքն ու փեշերը համբուրում էին։ Երբ խնդրեցինք թողնել, ճամփա տալ, վաղվան, խնդրում էին՝

— Թողեք, աման, շատ ենք վառված։

250 խանութ կողոպտել են միանգամայն ու ավերել ռուս կազակները։ Այժմ 50-ի մեջ զորք է մնում։ Թուրքերը (խմբապետ Խաչատուրի խոսքով) տաճկաց նահանջին պաշտպանել են հայերի ինչքն ու կյանքը, նույնիսկ զենքով։ <…>

Թալանի ժամանակ առանձնապես օգտվել են Երևանից, Ալեքսանդրապոլից և Իգդիրից եկած հայերը, որոնք շրջում էին ղազախների շուրջն ու գնում թալանած իրերը չնչին գներով։

էստեղ էլ (Ղարաքիլիսա) շները խմբովին ոռնում են զարհուրելի։ Տերերը գնացել են։ Բայց մյուսներն էլ են ոռնում։