Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են։ Սարսափով են սպասում նրա վերադարձին։ Ընկճված է ռուսասերների, ինչպես և ամբողջ ժողովրդի տրամադրությունը։ Մյուս քուրդ խանը3, որ Մակվի խանի թշնամին է և դրա համար էլ ռուսասեր, զգուշացրել է հայերին և հայտնել, որ նրա վերադարձի դեպքում սպասվում է մեծ վտանգ։

Օգանովսկին հեռվից հեռու շոշափելի դժգոհությամբ շոշափել է խնդիրը և հաստատել, որ վատ են վարվում։ Ինքն էլ բավական փոխված է։ Եվ մեծ թշնամություն կա իր դեմ, որ արտահայտվում է զանազան կարգադրություններով—իր սիրած ծառայողներից Օղոլին ոչ միայն իր մոտից, այլև իր շրջանից հեռացրին, որ շատ հայասեր էր։ Աբացևն ավելի ուժեղացավ։ Այժմ էլ բացարձակ ցույց է տալիս իր հայատեցությունը և ինչպես կռվի գնաց Մանազկերտից ու ետ եկավ հայերին կոտորել տվեց, նրանց օգնությունն էլ մերժեց, այժմ էլ Խլաթ է գնացել ու ետ եկել—այժմ էլ նրանց է մատնել կոտորածի։ Կարգադրություն էր արել, որ հայերի գյուղերն իրար հետ հարաբերություն չունենան, մի տեղից ցորեն չտանեն մյուս տեղը և այլն, և էս բոլորը առանց Օգանովսկու գիտության:

Այժմ ասում են Օգանովսկին ուզում է շտաբը փոխադրի Արճեշ, որ նրա՝ Աբացևի զորամասն էլ իր տրամադրության և իրավունքի տակ անցնի ու, զորքերը համախմբելով, թիկունքից զարկի էրզրումին։ Սրա էս կողմի առաջխաղացումը շատերի—(իր մեծավորներից ու ընկերներից) նախանձն է շարժել։

Զորքերը դարձյալ առաջվա նման զբաղված են կողոպուտով զարհուրելի չափով։ Օֆիցերներ կան, որ ասում են՝ ուղղակի ամաչում ենք։ Տեղական ամբողջ ազգաբնակչությունը կարոտով է հիշում 1877—8-ի պատերազմի զորքն ու գեներալներին։ Մի անգամ մի կոզակ մի քուրդ թե թուրք կնոջից բան էր խլել—Տեր- Ղուկասովը4 կախաղան հանեց։