Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



<ՌԱՖԱՅԵԼ ԶԱՐԴԱՐՅԱՆԻ ԱԼԲՈՄԻ>

Երջանկությունը, իմ շնորհալի բարեկամ, հենց նրանով է լավ, որ աշխարհքի բոլոր լավ բաների նման՝ օդի նման, լույսի նման՝ միշտ ու ամեն տեղ կարող ենք գտնել դեռ նրանցից էլ ավելի առատ։ Երջանկության աղբյուրը մարդու իրեն սիրտն է։ Եվ մեծ ու հարուստ սիրտ ունեցող մարդիկ կարող են վշտանալ և շատ վիշտ ու ցավ ունենալ, բայց երբեք դժբախտ չեն լինում նրանք։

(1916)


<ԴԻՏՈՂՈՒԹՅՈԻՆՆԵՐ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ>

Հայ Ժողովրդին հասած պատմական հարվածներից ամենամեծը թերևս թուրք-թաթարական հարվածն է, որ մի քանի՝ իրար հաջորդող ալիքով եկավ զարկեց, տապալեց ինչպես շատ ուրիշ ժողովուրդների, էնպես էլ հայ ժողովրդի կյանքն ու կուլտուրան և նստեց նրա ավերակների վրա։

Դրան կարելի է մի մեծ օվկիանոսի մակընթացության նմանեցնել, որ Ասիայի անծայր անապատներից հորձանք տվեց, եկավ անդիմադրելի հեղեղեց Հայաստանի բոլոր տափաստաններն ու բերրի հովիտները, շեներն ու քաղաքները, հորձանք տվեց մինչև նույնիսկ բարձր լեռնաստաններն, ուր ապավինած էր սարսափահար ու ջարդված, ջլատված, կտոր-կտոր եղած հայ ժողովուրդը և ապա նստեց ընդմիշտ մեր աշխարհքում։

Ինչ որ խորտակեց՝ խորտակեց, այնուհետև էլ՝ կենդանի մնացածի վրա ունեցավ մեծ ազդեցություն և տեղ-տեղ շատ, տեղ-տեղ քիչ թաթարարեց-թուրքացրեց հայ ժողովրրդի թե վարքն ու բարքը, սովորությունները, թե տիպը և թե լեզուն։

Դրանից առաջ էլ ազդեցություններ է կրել հայ ժողովուրդը՝ [մի ժամանակ] և Պարսկաստանից, և Հռոմից, և Հունաստանից, և Ասորիքից, և վրացիներից [և ամեն մեկի ազգերից] ամեն մեկը իր երանգն է տվել ու իր բնավորուությունը