Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


շունչ է, իսկ դպրոցն ավարտելուց հետո չի կարողանում մի քանի նախադասություն իրար անի։ Որովհետև իր մայրենի բարբառը խլել են ու տեղը տվել մի քաոս, չոր բառերի անկարգ ու մեռած մի շարան, որ [որոնք] բնավ կենդանի մտքի արտահայտություն չեն կարող դառնալ:

<․․․․> Պահպան<ողական> — ետամնաց ավանդությունը մեծ տեղ է բռնում լեզվի խնդրի մեջ։ Սկիզբը դրվեց հին լեզվի վրա, խալիֆաների ձեռքով, սաղմոսով ու ժամագրքով։ Այնուհետև էլ, բնիկ երկրի ժողովրդի դժբախտության պատճառով, լուսավորության, դպրոցի, դրականության և մամուլի գործը ձեռք առան գաղութները, որոնք կտրված էին հայրենի հողից ու լեզվի աղբյուրից, և դեր խաղացին մարդիկ, որոնք հայերեն չգիտեին՝ Ստեփանոս Նազարյան, Միքայել Նալբանդյան, Գրիգոր Արծրունի։

Եվ էս մարդիկ, որոնք միանգամայն անտեղյակ էին թե՛ հայ լեզվին, թե հայ կյանքին, որոնց վիճակվել էր, սակայն, թե հայի վիճակը տնօրինել և թե նրա գրական լեզուն հորինել՝ գործի կացան։

Գիտեին, որ օտար երկիրներում ձգտում կա և շարժում դեպի կենդանի ժողովրդի լեզուն, իրենք էլ խոսեցին էդ սկզբունքներից, բայց որովհետև էդ լեզուն չգիտեին, դրան փոխարինեցին իրենց չգիտեցած հայերենը, ու սկսեցին լեզու շինել հեռու և հայ ժողովրդից, և՛ նրա լեզվից։ ճիշտ էն մարդու նման, որ ճոխ բուրաստանի շեմքին նստած՝ մեջքն արած նրա միջի հազարգունի ու բուրավետ ծաղիկներին՝ գույնզգույն թղթից ծաղիկներ է շինում, որ վաճառի մարդկանց։ Կամ էն երեխաների նման, որ տոնածառ են խաղում: Մեծ անտառից մի եղևնու ճյուղ է բնկել ձեռքները, շրջապատել են ու զանազան զարդարանքներով ծանրաբեռնում են։ Սակայն նա արդեն մեռած մի ճյուղ է, ոչ թե կենդանի ծառ և չի ապրելու, և զարդարանքներն էլ ոչ մի կապ չունեն իրեն հետ։

Դժբախտաբար մերոնց «յոլկի» խաղը և թղթի ծաղիկներ շինելու ձանձրալի գործը բավական երկար տևեց։ [Այժմ]