Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա տվեք նկարչին նկարելու մի դաշտ, որտեղ ցորնի հունձ կա, նա անպատճառ դեղին կնկարի. և ի՞նչպես կարելի է կանաչ երևակայել այն դաշտը, որտեղից հնձվոր է գալիս և ցորնի արտիցը խուրձ է բերում շալակին։ Այդ ժամանակ արտերը հասունացած, դեղնած են լինում և ժողովուրդը դաշտի համար գործ է ածում լիֆը դաշտ կամ լիֆը հանդ:

Կենդանիներն ունեն իրանց բնորոշ առանձնահատկությունները և բնավորությունները.օրինակ, գառն ու ուլը ջրասեր կենդանիներ չեն, հովիվները նրանց ուժով, զոռով են ջուրը կոխում, երբ այդ հարկավոր է. սակայն բանաստեղծը Մայր Արաքսին ասում է.

Գառն ու ուլը քո վճիտ
Ջուրը մտնին միշտ արձակ (31)։

Նույն երգի մեջ Արաքսն ասում է.

Լուսաբերը մինչև այգ
Ջրիս միջին էր լողում (32)։

Լուսաբերը (Արուսյակ, Եղջերուն) մի աստղ է, որ դուրս է գալիս միայն այգին-լուսաբացին, ինչպես և ցույց է տալիս նրա անունը՝ լուս֊ա֊բեր կամ այգաստղ։ Ուրեմն ի՞նչպես [նա] մինչև այդ կլողար Արաքսի ջրերում, քանի որ մինչև այդ ժամանակ նա չէր կարող երևալ երկնքում։

Նա մի տեղ ասում է.*

Մարտն անցավ, հասավ ապրիլ գեղեցիկ...
Կռունկը թռավ, գնաց վերե՜րեն
Սոխակն Էլ փախավ մեր պարտեզներեն։

(«Ծիծեռնակ»,էջ 7)28

Իսկ մի այլ երգում տխուր երեխային այսպես է մխիթարում.

  • «Մանկական երգեր», Թիֆլիս, 1880 թ. < Ծ. Հ.>