Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈԻՍՈԻՄՆԱՍԻՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏՈԻԹՅՈԻննԵՐԸ

Գրական-հասարակական գործունեության տարբեր փուլերում Թումանյանն զբաղվել է նաև հետազոտական աշխատանքով, գրել Է մի շարք գիտական ուսումնասիրություններ։ Կարելի Է անվերապահորեն ասել, որ նա օժտված Էր նաև բանասերի և պատմաբանի տաղանդով ու հակումներով: Այս առումով ևս Թումանյանն առանձնանում Է XIX-XX դարերի հայ գրողների շարքում, որոնցից տվյալ դեպքում նրան «ախոյան» կարող են համարվել միայն Րաֆֆին իր պատմագիտական աշխատանքներով և Ալիշանը, որի աոաջին կոչումը, իհարկե, գիտական հետազոտության բնագավառն Էր։ Իր բազմազբաղ ու «վռազ» կյանքում Թումանյանն այդ գործին շատ ժամանակ, ուժ ու եռանդ Է նվիրել և դա չի կարող օտարվել նրա «օրերի ու վաստակների» ընդհանուր շղթայից:

Թումանյանից մեզ հասել Է տարբեր ծավալի հինգ գիտական ուսումնասիրություն։ Դրանց մեջ նա երբեք հանդես չի եկել տվյալ ասպարեզում գիտության ձեռք բերած արդյունքները մատչելի ձևով վերապատմողի կամ մեկնաբանի դերում (ինչպես վարվել Է, օրինակ, Վ. Փափազյանը հայոց պատմության նշանավոր գործիչներին նվիրված իր հայտնի գրքույկներում): Թումանյանը միշտ ստանձնել Է որևէ գիտական խնդիր առաջին անգամ արծարծողի, համապատասխան փաստեր ու փաստարկներ հավաքողի և իմաստավորողի դերը՝ ձգտելով հասնել հարցի ամենախոր արմատներին։ նրա գործերը կարելի է և պետք է գնահատել գիտական ամենախիստ չափանիշներով:

Մի ուրիշ, այս անգամ դժբախտ ընդհանուր գիծ էլ ունեն Թումանյանի ձեռնարկած գիտական ուսումնասիրությունները. դրանք բոլորն էլ մնացել են անավարտ, վերջնական մշակման չեն հասցվել և հեղինակի կենդանության ժամանակ չեն տպագրվել։ Այս դեպքում ևս Թումանյանը եղավ «խանգարված» հեղինակ, չկարողացավ ավարտուն վիճակի հասցնել իր ծրագրած գիտական թեմաները։

Խիստ տարբեր են քննարկվող նյութերն իրենց բովանդակությամբ ու ոճով և նպատակահարմար է դրանք բնութագրել առանձին-առանձին ժամանակագրական կարգով։