Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջացված տեսք չունեն։ Թեև առանձին հատվածներ մտել են Թումանյանի կենդանության ժամանակ տպագրված հոդվածների մեջ, բայց գործը լրիվ կազմով ընթերցողին հասավ ստեղծումից ճիշտ յոթ տասնամյակ անց՝ «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարի 2-րդ Հատորում (1969, էջ 265 ֊310)։

Պետք է խոստովանել, որ այս աշխատության նշանակությունը Թումանյանի քննադատական ժառանգության մեջ դեռ ըստ արժանվույն գիտակցված ու գնահատված չէ։ Այնինչ բանաստեղծի գրական–պատմական և գեղագիտական ըմբռնումները ոչ մի ուրիշ տեղ այնպես համակարգված ու հավաք ձևով շարադրված չեն, ինչպես այս գործում։ Չնայած իր անավարտ վիճակին, դա հայ գրական-գեղագիտական մտքի պատմության մի նշանակալի վավերաթուղթ է։ Իր առաջադրած դրույթների կշռով ու խորությամբ այն պետք է դասվի շրջադարձային արժեք ունեցող այնպիսի գրական մանիֆեստների շարքը, ինչպես Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանը, Վ. Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» զեկուցումը, 20-ական թթ սկգբին Ե. Չարենցի գրած հոդվածները («ինչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը» և այլն)։

90-ական թվականների վերջին, երբ գրվում էր Թումանյանի այս գործքը, դեռ չէին տպագրվել ոչ Լեոյի «Ռուսահայոց գրականությունը» (1904), որի մեջ առաջին անգամ փորձ արվեց ուրվագծելու և գնահատելու այդ գրականության ավելի քան կեսդարյա ուղին, ոչ էլ Լևոն Մանվելյանի և Վրթանես Փափազյանի հայտնի դասագրքերը, որոնց մեջ տրված է նաև հայ նոր գրականության պարբերացումը, նրա խոշորագույն դեմքերի սեղմ բնութագիրը։ Թումանյանի գրառումները, որոնք կատարվել են նշված գրքերից մի քանի տարի առաջ, բոլորովին այլ բնույթ ունեն։ Դա, իհարկե, գրականության համակարգված պատմություն չէ, այլ գրական շարժման որոշ հանգուցային հարցերի գնահատականը տրված դիպուկ և անկրկնելի երանգներով, մտքի իսկական փայլատակումներով և իմաստալի ընդհանրացումներով։

«Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» միատարր աշխատություն չէ, այն կազմված է տարբեր շերտերից, որոնք կարող են խմբավորվել այսպես.

ա) XIX դարի հայ գրական – պատմական պրոցեսի ընդհանուր բնութագրումներ։ Դրանցից են հասարակական առաջադիմության հարցին, հին և նոր լեզուների շուրջ ծավալված պայքարին, տարաշխարհիկ և բնաշխարհիկ գրողներին, արվեստի և հասարակական կյանքի, ազգային և միջազգայինի փոխհարաբերությանը նվիրված մասերը։ Այս բոլոր հարցերի շուրջ Թումանյանը 90-ական թթ. վերջին ունի արդեն այնպիսի խոր և կայուն ըմբռնումներ, որոնք անփոոփոխ մնացին մինչև վերջ։

բ) Ընդարձակ քաղվածքներ տարբերական մամուլից («Հյուսիսափայլ» «Կռունկ» և այլն), արևելահայ և արևմտահայ բանաստեղծներից։