Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմաստավորելու ունակություն։ Ընդսմին արդեն այս շրջանում նա հարցն ըմբռնում է միջազգային գրական չափանիշներով, դրսևորում է համաշխարհային գրականության լայն իմացություն։ Այս առումով առանձնանում են հատկապես Շեքապիրին և Բայրոնին նվիրված փայլուն էջերը, որոնք ավարտվում են այսպես.

«Անգլիայի մեծ բանաստեղծն է նա, թեկուզ և «Եբրայական մեղեդիների» մեջ Սիոնն ու Երուսաղեմը երգի։ Անգլիայի մեծ դրամատուրգն է մյուսը, թեկուզ Հռովմի կյանքից առնի յուր ողբերգությունների բովանդակությունը: Միթե Պուշկինն ու Լերմոնտովն էլ Կովկասի լեռներն ա վայրենի վարքն ու բարքը չեն երգել, բայց որ վրացին կամ չեչենք նրանց յուր բանաստեղծը կհամարի: Արդ, մի կարևոր հարց. ինչու է այս այսպես. որովհետև իրանց մայրենի լեզվով, ոճով ու ոգով են երգել: Թումանյանն իր աշխատությունը վերջացնում է կոչ անելով ոչ թե սոսկ հայ բանաստեղծներ, այլ հայոց բանաստեղծներ: Այս նրբերանգը շատ հատկանշական է Թումանյանի գիտական և բանաստեղծական մտածողության համար: Լինել ազգությամբ և լեզվով հայ բանաստեղծներ դեռ բավական չէ: Պետք է լինել հայոց բանաստեղծ, այսինքն՝ իր մեջ կրել ազգային ոգին ու նկարագիրը, ժողովրդի ճակատագիրն ու ապագայի իդեալները։

Սա է լիարժեք ազգային գրականության այն պատկերացումը, որն իբրև ամբողջական գեղագիտական ըմբռնում Թումանյանի մտածողության մեջ ձևավորվեց 90-ական թթ. վերջին՝ նրա ստեղծագործության որակական մեծ թռիչքի նախաշեմին։ Եվ դրա հաստատումը, ամենից առաջ, «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» ուսումնասիրությունն է:

3. «Երևանի կռիվը և Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» իբրև պատմություն»: — Իր գիտական ծրագրերից ոչ մեկին Թումանյանն այնքան ջանք ու ժամանակ չի նվիրել, ինչքան այս ուսումնասիրությանը։ 1912 թ. մարտին Պետերբուրգի բանտից որդուն՝ Արտավազդ Թումանյանին գրած նամակում բանաստեղծն ասում էր, որ այդ գործի վրա ինքն աշխատել է տարիներ»: Բոլոր հիմքերը կան ասելու, որ խոսքը վեբաբերոամ է 1908-1911 թվականներին։

Մեզ հասել են այս աշխատության հարյուրավոր էջեր (երբեմն միևնույն հատվածի մի քանի տարբերակով), բայց բոլորն էլ, դժբախտաբար, վերջնական մշակման չհասցված տեսքով։ Այդ նյութերն աոաջին անգամ ի մի հավաքվեցին և մանրամասն ծանոթագրություններով տպագրվեցին բանաստեղծի երկերի առաջին գիտական հրատարակության լրացուցիչ 6-րդ հատորում (1959), գրականագետ Աս. Ասատրյանի աշխատասիրությամբ (էջ 253-356, ծանոթագրությունները՝ 458-484 էջերում)։ Մեր առջև մի լուրջ գիտական գործ է, որը 1910 թ. գրած մի հոդվածում («Ուղղած «Վերք Հայաստանին») Թումանյանը շատ ճշգրիտ կերպով