Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաղպատա վանքի քարերի մեջ, անապատականի սևերում, մաղեղեն ու շալեղեն հագած, աշխարհքից ու նրա ուրախություններից, բեմուրվաթ յարից ու նրա նազերից բեզարած, հեռացած Սայաթ-Նովան, մեր հոյակապ, մեր արքայական Սայաթ-Նովան, Դավիթ կրոնավորի անունով»:

1913 թ. զեկուցման մեջ Թումանյանը փորձեց իր կարծիքը հիմնավորել պատմական վավերագրերով՝ քաղված Գյուտ քահ. Աղանյանի «Դիվան Հայոց պատմության» հայտնի մատենաշարից։ Սակայն այս կենսագրական վարկածը սկզբից ևեթ կասկածներ և առարկություններ հարուցեց, իսկ հետագայում առհասարակ մերժվեց, քանի որ հայտնաբերվեց Սայաթ-Նովայի ինքնագիր մատյանը, ուր նա վկայում է, որ կրոնավոր դառնալուց հետո ինքը կրել է Ստեփանոս քահանա անունը։

Այո, գիտության մեջ լինում են նաև այսպիսի «ձախողումներ», որոնումների նախադիր նպատակին ճիշտ հակառակ արդյունքի հասնելու փաստեր։ Բայց այդ դեպքում էլ կարևորը ոչ այնքան վերջնական արդյունքն է, որքան հետազոտական մտքի ուղղությունը, որոնումների ընթացքում առաջ քաշված դրույթները։ Այդ առումով շատ կարևոր փաստարկներ կան Թումանյանի զեկուցման լրագրային շարադրանքի մեջ։ Եթե «Սայաթ-Նովեն—Դավիթ եպիսկոպոս» աշխատության գրավոր տեքստում բերվում են միայն փաստեր ու քաղվածքներ առանց մեկնաբանությունների, ապա բանավոր զեկուցման մեջ Թումանյանը ազատորեն ծավալվել է, մեջ է բերել իր տրամաբանական և հոգեբանական փաստարկները հօգուտ այդ վարկածի:

Պատմական վավերաթղթերում հանդիպելով մի եպիսկոպոսի անվան, որը շարունակ մեղանչել է վանական կյանքի կանոնների դեմ, հաճախ ինքնակամ հեռացել է Հաղպատից ու գնացել Թիֆլիս (որտեղից և եկել էր), որը, վերջապես, հովանավորվել է վրաց արքունիքի կողմից, Բումանյանն այդ ամենի մեջ շատ հարազատ սայաթնովյան բան է տեսել և ավելի համոզվել իր ենթադրության մեջ։ Սերմելով Ղուկաս կաթողիկոսի գրություններում հարուցված ծանր մեղադրանքները, զեկուցողն այն միտքն է առաջադրում, որ զայրույթի և հալածանքի բուն հիմքն ու պատճառը «հենց ինքը ամբողջ Դավիթ եպիսկոպոսն է»։ Այսինքն, ըստ Թումանյանի, բանաստեղծ Սայաթ-Նովան, որը հոգեբանորեն ոչ մի կերպ չէր կարող հաշտվել վանական կյանքի հետ։ Մի երգիչ, որն «իր հոգու մեջ կրում էր Արևելքի բանաստեղծներին էնքան հատուկ աշխարհքի ու կյանքի ունայնության փիլիսոփայությունը», ապրել էր «դժբախտ սիրո վիշտը», տեսել կնոջ մահը ու քաշվել էր Լոռու ձորերը։ «Բայց որովհետև ինքը հենց կյանքն էր, որ կար, թեկուզ և բուռն ապրելուց բեզարած, միառժամանակ հանգստանալուց հետո չէր կարող փակվել ու պարտակվել վանքի սառն ու խուլ պատերի մեջ, թեկուզ ծերության օրերում»։ Սրանով է բացատրում Թումանյանը Դավիթ եպիսկոպոսի բոլոր «մեղանչումները»