Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ։ Այդ դիրքերից էր հարցին մոտենում նաև Թումանյանը իր աշխատությունն սկսելով այսպես, «էն ժողովուրդները, որոնք աշխարհքում ապրել են լայն կյանքով ու բարձր ձգտումներով, միշտ ունեցել են իրենց դյուցազնական ու հերոսական դարաշրջանները՝ լիքը հրաշքներով ու առասպելներով <…> Հայկական էպոսը հայ ցեղի ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունը աշխարհքի առջև»։ Եվ ապա՝ աշխատության մի ուրիշ տարբերակի մեջ Թումանյանն օրինական հպարտությամբ հայկական էպոսը համարել է աշխարհի հնագույն և լավագույն էպոսներից մեկը, «իսկ նրա ազգային հերոսը Սասունցի Դավիթը ամենա լուսավոր դեմքերից մինը ժողովուրդների դյուցազունների շարքում»։

ժողովրդական էպոսի, մասնավորապես հայկականի մեջ Թումանյանը տեսնում է ոչ թե մեկ առանձին պատմական իրադարձության պատկերը, այլ ժողովրդի անցած ամբողջ ճանապարհի հանրագումարը, նրա մտածողության տարբեր շերտերի խտացումը։ Իբրև էպոսի զարգացման ընդհանուր օրինաչափություն՝ նա նշում է եռաստիճան մի ընթացք. «Դիցաբանականը դառնում է դյուցազնական, ապա թե դյուցազնականի տեղն էլ բռնում են պատմական դեպքերն ու դեմքերը»։ Սակայն վերջիններս էպոսի մեջ երբեք իրապատում և ճշգրիտ արտացոլում չեն գտնում, նրանց հատուկ են ժամանակի և տարածության ամենալայն, արտապատմական ընդգրկումները, նույնիսկ բացահայտ անտխրոնիզմը։ Այս բոլորը սակայն, չի խանգարում էպոսի ամբողջականությանը, այլ «բխում է նրա էությունից ու բնավորությունից»։ «Նա էպոսի մասին ասում է Թումանյանը, — ընդգրկում է ժողովրդի կյանքի ամբողջությունը սկզբից մինչև վերջը և ստեղծում է էն բարոյա-գաղափարական աշխարհքը, ուր անձնավորվում ու կենտրոնանում են ամբողջ ժողովրդի դարավոր մաքառումներն ու հեռավոր իդեալները, բոլոր հոգեկան ու բարոյական կարողությունները»։

Այս համոզմամբ էլ Թումանյանը հայկական էպոսի քննությունն սկսում է ժողովրդի հնագույն տոտեմական պատկերացումներից։ Օրինակ, «Վահագնի երգի» մեջ նա տեսնում է «տոհմի տոտեմը, այսինքն՝ խորհրդավոր նշանը, հետագայում՝ գերբը»։ Հաճախ տոտեմի հետ է կապված նաև ազգի բուն անվանումը։ Այդ առումով հատկապես մանրամասն, բազմաթիվ միջազգային զուգահեռների մեջ է քննվում Հայկի առասպելը: Նմանության և շփման ընդհանուր շատ կետեր են հայտնաբերվում հին եգիպտական դիցաբանի, ասորա-բաբելական: Իրական կերպարների, Հայաստանի բարձրավանդակը ներխուժած ցեղերի, հատկապես թուրք-մոնղոլական հորդաների բերած ըմբռնումների մեջ՝ համադրելով դրանք Հայկի և Բելի պատմության հետ։ Թումանյանի համար բազմանշանակ արժեք ունի Հայկի անվան հետ կապվող Օրիոն համաստեղության դիցաբանական և ազգային-պատմական բովանդակությունը։ Երկնային լուսատուների հետ մշտապես