Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առնչվելը, նրանց միջոցով ազգության և անհատի ճակատագիրը բացատրելու հակումը Թումանյանը համարում է յուրօրինակ ազգային ավանդույթ՝ պայմանավորված երկրի աշխարհագրական դիրքով, մարդկանց կյանքով ու կենցաղով, «Հնագույն Հայաստանի բնակիչները,— գրում է նա, որսկան, հովիվ ու անասնապահ, միշտ բաց երկնքի տակ, իրենց բարձր երկնամերձ աշխարհքում միշտ խոսել են աստղազարդ երկնքի հետ»։

Ըստ Թումանյանի՝ Հայկի տոտեմից սկիզբ է առնում ոչ միայն ժողովրդի ինքնանվանումը, այլև նրա հետագա էպիկական ասքերը, միջնորդավորված ձևով՝ նաև Սասունցի Դավթի պատմությունը։ Ահա այդ իմաստով պետք է հասկանալ այն պնդումը, թե «Սասունցի Դավթի վեպը Հայկի առասպելն է», «Հայկ և Դավիթ միևնույն գաղափարն են արտահայտում», նրանց հիմքում դրված է հայրենասիրության և բռնակալության անհաշտ հակադրության միևնույն իրավիճակը, որը հայ ժողովրդի պատմական կենսագրության մեջ հարատևել է դարեր ու հազարամյակներ։

Այսպիսի լայն չափումներով մերձենալով խնդրին Թումանյանը վճռականորեն մերժում է էպոսի պատմականության տառացի ըմբռնումը, նրա դրվագների մեջ անցյալի այս կամ այն իրադարձության ուղղակի անդրադարձր տեսնելու միտումները։ Դրանք շատ որոշակիորեն արտահայտվել են և՛ բանաստեղծի կենդանության օրերին, և՛ հետագա տասնամյակներում, և Թումանյանը հարկ է համարում ուղղակի խոսել այդ մասին։ Նա առարկում է Մ. Աբեղյանին, որը Դավթի կերպարն ուղղակի կապել է իշխան Դավիթ Բագրատունու հետ, Դավթի՝ հորն ընկնելու կամ Մհերի ժայռի մեջ փակվելու մոտիվները բացատրել հայ իշխանների բանտարկությամբ։ Վիճում է նաև Ստ. Կանայանի հետ, որը Քուռկիկ ջալալի ձիու անունը բխեցնում էր Մասիսի շուրջ ապրող քուրդ ցեղի անվանումից։ «էս մի շատ վտանգավոր ճանապարհ է, որ կարող է տանել ու ձգել մեծ մոլորությունների մեջ)- ասում է Թումանյանը։

Այս աշխատությունից հետո անցել են շատ տասնամյակներ, որոնց ընթացքում հայ էպոսագիտությունը ունեցել է զգալի նվաճումներ։ Սակայն ընդսմին, պետք է խոստովանել, Թումանյանի շատ արդյունավետ մտքերը արժանի ուշադրություն և զարգացում չեն գտել։ Իհարկե, դրան խանգարել է նաև ուսումնասիրության անավարտ և անմշակ լինելը. Սակայն նույնիսկ այդ վիճակում աշխատության մեջ կան իսկական ոսկեհատիկներ, որոնք չպետք է շրջանցվեն հայ հերոսական էպոսի քննության ընթացքում։ Բացի հիշատակված մտքերից, նշենք նաև հայկական Էպոսի բնորոշ առանձնահատկությունները ամփոփված հետևյալ հինգ կետերի մեջ.

1)Հայոց Էպիկական ասքերի «գլխավոր մոտիվը կռիվն Է բռնության դեմ — Բելի թե Մրսրա Մելիքի», 2)«ժողովուրդը իր ամբողջության վտանգը միշտ զգացել, սպասել ու տեսել Է հարավից», 3)Հայկական