Մի ուրիշ բանաստեղծ այսպես է նկարագրում այդ նույն երևույթը․
…Ազգիս վիճակը ծանրացավ սրտից․․․
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
Որպես փարատիչ տրտում ցավերիս։
Ավա՜ղ, այդ քնարը իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին,նույնպես վշտահար
Ինչպես իմ սիրտն էր,իմ զգացմունքը,
Ուրախացուցիչ չգտա մի լար․․․
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ >
Լո′ւռ կաց,դու քնար,այլ մի′ հնչեր ինձ,
Ապոլլոն,հետ առ դարձյալ դու նորան,
Տո′ւր մի այլ մարդու,որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան։
Ես պիտի դուրս գամ դեպի հրապարակ
Առանց քնարի,անդարդ խոսքերով,
Ես պիտի գոչեմ,պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով․․․
(«Մանկության օրեր», Կոմս էմմանուել)36։
Չլինի դուք կարծում եք, թե այս բանաստեղծն ընդունակ չէր կյանքը զոհ բերել սիրած աղջկան։ Ո՛չ, սխալ կլիներ, եթե այդպես հասկանայինք։Նա ուրիշ օրերում այդ կաներ, բայց այժմ ազգի դառն վիճակը ծանրացել է սըրտին, և նա ժամանակին է հարկ տալիս։ Այդ հեշտության, սիրո և քնարի օրեր չեն, խավար է շուրջը.
Ներկա օրերում այլ ինչ սև քնար…
(Նույն երգը)։
Այդպիսի ժամանակներում, այդ օրերում բանաստեղծն ուրիշ ցավ ունի.