Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դատավարության Ժամանակ կազմած 134 հատորյակները, ուր զետեղված են ինչպես վկաների, այնպես էլ մեղադրյալների, այդ թվում նաև Հովհ. Թումանյանի ցուցմունքների հիման վրա կազմված արձանագրությունները։ Թումանյանի հետ կապված նյութերը 21-րդ հատորյակում են։ Յոթհատորյակը տպագրվել է Նովոչերկասկում, հատուկ տպարանում, որովհետև արդարադատության նախարարությունը այդ գործի վերաբերյալ ձեռագիր նյութերը չէր վստահել մասնավոր տպարաններին (Մշ, 1912, № 10)։ 3842-ը նշված գործի հ. 5-ի էջի համարն է, որտեղ զետեղված է Հարություն Շահվերդովի 1910 թ. օգոստոսի 27-ի հարցաքննության արձանագրությունը։

4 Այս հատվածը Թումանյանը բերում է քաղվածաբար Հարություն Շահվերդովի ցուցմունքի հիման վրա կազմված արձանագրությունից։ Ավագը, որի մասին խոսվում է, Արշակ Փերիխանովն է, նա մատնել էր հեղափոխական Սարգիս Սոլովյանին։ Վերջինս իբր թաքնվել է Արտուշ Քոչարյանի մոտ, բայց չի ձերբակալվել, քանի որ նախօրոք զգուշացված լինելով՝ փախել Է: Ասվում է նաև, որ Թումանյանը կասկածել է Հարություն Շահվերդովին և Արտուշ Քոչարյանի հետ միասին կազմակերպել է ավագի սպանությունը և իր դեմ մահափորձը։ Ըստ Հ. Շահվերդովի՝ թվով մոտ երեսուն անձինք իբր եղել են Թումանյանին ենթարկվող և նրա օգնական Ա. Քոչարյանի կողմից ղեկավարվող զինված բանդայի անդամները։

5 Երբ համագյուղացիները դիմում են Թումանյանին Հ. Շահվերդովից ազատվելու խնդրանքով, Թումանյանը հորդորում է ձեռք չտալ Շահրազին, որպեսզի նա ողջ մնա, ու մարդիկ ասեն. «Սա էր Հովհաննես Թումանյանին մատնողը»։ Այդ մասին վկայում է բանաստեղծի եղբայրը՝ Վահան Թումանյանը (ԹԺՀ, էջ 244):

6 Մահմադ Վեքիլովը, ազգությամբ թուրք, Թումանյանի վկաներից էր, որին դատարանում առաջինն են հարցաքննել: Նա հրաժարվել է իր նախնական ցուցմունքներից, որոնք տվել էր քննիչի ճնշմամբ և դատարանում ասում Է միայն ճշմարտությունը Թումանյանի խաղաղասիրական գործունեության վերաբերյալ:

7 Նկատի ունի Լոռու շրջանի գավառապետ Կոստանդին Շանշիևին։ Նա Ռեդանովի հետ միասին Թումանյանին հրապարակավ շնորհակալություն Էր հայտնել խաղաղասիրական գործունեության համար։ Պահպանվել են նրանց հետ վարած Թումանյանի բանակցությունների գրավոր վկայությունները, որոնք իրենց դրական դերը խաղացին Թումանյանի արդարացման գործում (տե՛ս Թումանյանի՝ 1909 թ. հունվարի 4-ին գրած խնդրագիրը ռոտմիստր Պրիգարային, ՈՒՀ 3, 336)։

8 Թումանյանը շփոթում Է. դեպքը եղել է ոչ թե նոյեմբերի սկզբին, այլ նոյեմբերի 22-ից հետո, երբ Թիֆլիսին սպառնում Էին Բոչալուսի թուրքերը, որի պատճառով քաղաքում հայտարարվեց ընդհանուր զինվորական գրություն, և Թումանյանը ընտանիքով փոխադրվեց նախ Շուլավեր, ապա Դսեղ (տե՛ս ԵԺ V, 298, Լ. Կարապետյանի նշված աշխատությունը, Էջ 57, 58)։