Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


5 Բորչալուի և Լոռու շրջանի գավառապետ Նիկոլայ Ռեզանովը իբրև վկա Թումանյանի մասին դատարանում շատ նպաստավոր կարծիք է հայտնել: Գավառապետի պաշտոնից նրան հեռացրեք են 1906-ին։ Պատճառներից մեկը Ռեզանովի մասնակցությունն էր խաղաղության գործին, քանի որ նրա այդ դիրքը հակասում էր ցարական կառավարության պետական քաղաքականությանը։ Վկայություն տալու պահին՝ 1912 թ. հունվարի 23-ին նա Բելոռուսիայի քաղաքներից մեկում ռոտմիստր էր։

10 Ղազախի և Լոռու սահմանագլխի Խանբուլազ սարի հայերի ու թուրքերի հանրահավաքին Թումանյանը գնացել էր սպիտակ դրոշով, ապա եկել էր Լոռու շրջանում գտնվող պղնձի գործարան՝ Շահալի–էլիար, որը պատկանում էր ֆրանսիական մի ընկերության։ Բանաստեղծը հանդիպում էր ունեցել բանվորների հետ, այցելել էր նրանց բնակարանները, հանքերը։ Գործարանի տնօրեն Կաբալից և պարսից դեսպան Արնոլդ-Կանանից ստացած իր շնորհակալության մասին (արյունահեղ ընդհարումները դադարեցնելու, խաղաղասիրական գործունեության համար) հետագայում նշում է Թումանյանը Պրիգարային և պահնորդական բաժին ուղղած իր խնդրագրում (ՈԻՀ 3, 336)։

11 Խոսքը վերաբերում է 1905 թ. նոյեմբերի 29-ին ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին Թումանյանի տված հեռագրին (տպագրվել է «Արշալույս», 1905, № 66)։ Նա կաթողիկոսի միջնորդությամբ հասել է այն բանին, որ Թիֆլիսի զինվորական շտաբը մի էսկադրոն ուղարկի հայ-թաթարական ընդհարումները դադարեցնելու համար։ Այդ էսկադրոնը Ալեքսանդրապոլի Սևերսկի գնդից Քոլագերան կայարանը եկավ 1905 թ. մոտավորապես դեկտեմբերի 5—6-ը։ Կայարանում Էսկադրոնին դիմավորել է Թումանյանը։ 1912 թ. Սենատում անհրաժեշտ էր եղել պարզել Էսկադրոնի գալու և վերադառնալու հանգամանքը, քանի որ նույն օրերին, ըստ Վ. Թումանյանի, Շամշադինում Հովհ. Թումանյան անունով մեկը մի կազակ էր սպանել: Այդ սպանությունը կապվել էր Թումանյանի անվան հետ։ Թյուրիմացությունը պարզելու գործում օգտակար էր եղել կաթողիկոսին ուղղված հեռագիրը և Սևերսկի գնդի հրամանատար, փոխգնդապետ Գոնչարովի գրավոր վկայությունը այն մասին, որ Շամշադինում կատարված սպանության օրերին Թումանյանը եղել է Քոլագերան կայարանում (տե՛ս ԹԺՀ, 244, Վահան Թումանյանի հուշերը, Լ. Կարապետյանի հիշված աշխատությունը, էջ 56—58)։

12 Գեներալ Վասիլի Զոլոտարևը հայ-թուրքական ընդհարումների շրջանում 1906 թ. Բորչալուի շրջանի ժամանակավոր գեներալ նահանգապետն էր։ Հավանաբար՝ Թումանյանը դատարանում կամեցել է հիշեցնել, որ նա Զոլատարևից խնդրած պահակների ուղեկցությամբ հայերի կողմից բանտարկված թուրք ծառաներին ազատելու և իրենց գյուղերն ուղարկելու համար գնացել է թուրքաբնակ վայրերը։ Զոլոտարևը նույնպես եղել է Թումանյանի գործով վկաներից մեկը, որը հերքելով Հարություն Շահվերդովի բոլոր